Թրամփը չի բացառել, որ կորոնավիրուսի տարածման համար Չինաստանին կարող է պատժել նոր մաքսատուրքերի սահմանմամբ

09:46 • 01.05.20

Ամերիկյան վարչակազմը կորոնավիրուսի տարածման պատճառով կարող է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ՉԺՀ-ից ապրանքների ներկրման համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ լրագրողների հետ Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ, գրում է tass.ru-ն։

Լրագրողները հարցրել են՝ արդյոք ԱՄՆ կառավարությունը «որպես վիրուսի տարածման համար պատիժ» կարող է հրաժարվել ՉԺՀ-ի առջև իր պարտքային պարտավորությունները կատարելուց:

«Ես դա (պատժելը) կարող եմ անել այլ կերպ: Կարող եմ դրան  հասնել և նույնիսկ մեծ ծավալով գումարային միջոցներ ստանալ պարզապես մաքսատուրքեր սահմանելով: Այնպես որ պարտադիր չէ, որ հրաժարվեմ պարտքի մի մասից»,-մեկնաբանել է Թրամփը:

Նա հիշեցրել է, որ Չինաստանն ԱՄՆ-ի պարտքային պարտավորությունների կրողն է՝ շուրջ 1 տրլն դոլար գումարի չափով:

«Դա մոտավորապես տրիլիոն դոլար է, մի քիչ ավելի, որքան ես հասկանում եմ: Բայց, ինձ թվում է, մենք կարող ենք Չինաստանի դեմ քայլեր ձեռնարկել ավելի անմիջական ձևով»,- նշել է Թրամփը։

Նա խոստովանել է, որ եթե «սկսեն նման խաղեր խաղալ» և հրաժարվել պարտքի մի մասից, ապա նման քաղաքականությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։

«Մենք պետք է պաշտպանենք դոլարը, պաշտպանենք դոլարի անսասանությունը, դոլարի կարևորությունը: Մենք կարող ենք դա ապահովել մաքսատուրքերի միջոցով», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։