Ադրբեջանում կարանտինային ռեժիմը երկարաձգել են մինչև մայիսի 31-ը

17:44 • 01.05.20

Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով սահմանված կարանտինային ռեժիմը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ադրբեջանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:

«Վերլուծելով Ադրբեջանում ստեղծված սանիտարահամաճարակաբանական իրավիճակը, այլ պետություններում ձեռնարկվող քայլերը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարգադրությունները՝ հատուկ կարանտինային ռեժիմի ժամկետը երկարաձգվում է մինչև 2020 թվականի մայիսի 31-ի ժամը 00:00-ն»,-ասված է շտաբի հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ վիրուսի տարածման արագությունն ու վարակվածների առողջացման մակարդակը հաշվի առնելով՝ Ադրբեջանում կմեղմեն մի շարք սահմանափակումներ: Կվերականգնվի աշխատանք տրամադրող ֆիզիկական և իրավաբանական անձանց, պետական կառույցների աշխատողների, գեղեցկության սրահների աշխատանքը:

Ադրբեջանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1854 և մահվան 25 դեպք:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 330 755 է, մահացել է 234 761 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: