Գերմանիայում կորոնավիրուսի վարակակիրների 75%-ն ապաքինվել է
Գերմանիայում կորոնավիրուսով վարակված 163 000 հիվանդից 123 000-ն արդեն ապաքինվել է, ինչի մասին վկայում են worldometers թարմացվող տեղեկատվական կայքի տվյալները։
Նախօրեին Գերմանիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1470 նոր դեպք, որից 156-ը՝ մահվան ելքով։ Համավարակի սկզբից երկրում կորոնավիրուսից մահացել է 6623 մարդ։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3308 678 դեպք, որից մոտ 1 042 991-ն արդեն ապաքինվել է, մահացել է 234 123 մարդ։
Վարակակիրների և մահվան դեպքերի թվով ԱՄՆ առաջին տեղում է, այնուհետև հաջորդում են Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին:










