Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել՝ 7933 նոր դեպք

13:42 • 01.05.20

Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7933 նոր դեպք, սա համավարակի ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:

Նշվում է, որ վարակակիրների 44,5%-ի մոտ կլինիկական դրսևորումներ չեն եղել:

Նոր դեպքեր ամենաշատը գրանցվել են Մոսկվայում` 3561: Մոսկվայի մարզում գրանցվել է 797, Սանկտ Պետերբուրգում` 349 դեպք:

Օրվա ընթացքում հիվանդությունից մահացել է 96, առողջացել` 1601 մարդ:

Այսպիսով՝ մայիսի 1-ի դրությամբ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 114 431 դեպք, վարակի հետևանքով մահացել է 1169 մարդ, առողջացել` 13 220-ը:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 320 543 է, մահացել է 234 393 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: