Տաջիկստանի նախագահն իր աշխատավարձը տրամադրել է կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը Նախագահի պահուստային հիմնադրամից 12,4 միլիոն սոմոնի (շուրջ 1,24 միլիոն դոլար) է տրամադրել հաջորդ երեք ամիսներին բուժաշխատողներին հավելավճար տալու համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությանը:
Ռահմոնը նաև հանրապետությունում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների իրականացման հիմնադրամ է ուղղել իր ամսական աշխատավարձը (չափը չի նշվում): Բացի այդ, Տաջիկստանի ներքին գործերի նախարարության ղեկավար կազմն իր աշխատավարձի կեսը կփոխանցի կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին:
«Այս որոշումն ընդունվել է ՆԳ նախարար Ռամազոն Ռահիմզոդայի անցկացրած քննարկման արդյունքում: Դրա ընթացքում քննարկվել է երեկ կառավարության նիստում երկրի ղեկավարի` կորոնավիրուսի կանխմանն ուղղված քայլերի իրականացումը»,-տեղեկացրել է գործակալության զրուցակիցը:
Վերջին տվյալներով՝ Տաջիկստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 15 դեպք, մահվան դեպքեր չեն գրանցվել:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 327 239 է, մահացել է 234 702 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










