Սահմանափակումների մեղմացումը պետք է խիստ հաշվարկների, դատողությունների արդյունք լինի, դրան պետք է գնալ աստիճանաբար՝ ոլորտ առ ոլորտ. պատգամավորներ

16:19 • 02.05.20

Պետք է տնտեսությունը և առողջապահությունը համադրված աշխատեցնել, սահմանափակումների մեղմացմանը պետք է գնալ աստիճանաբար՝ ոլորտ առ ոլորտ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով պարետատան որոշմանը՝ մայիսի 4-ից վերացնել սահմանափակումների մեծ մասն ու թույլ տալ քաղաքացիների ազատ տեղաշարժը։

«Եթե դու սպասես, մինչև տնտեսությունդ ամբողջովին կանգնի, քեզ ևս մեկ տարի պետք կլինի, որ տնտեսությունը զրոյից աշախատեցնես, պետք է փորձես անվտանգ ուղղություններով տնտեսությունը զարգացնել, այդպես հեշտ կլինի կայուն ռեժիմ մտնելու գործընթացը»,-ասաց նա:

Սերգեյ Բագրատյանի խոսքով ՝ բոլորը երկրները, որոնք սահմանափակումներրը մեղմացնում են, հիմնականում այդ քայլին գնում են սոցիալական պատճառներով. պետք է աշխատել և հարկեր վճարել, որպեսզի առողջապահության ոլորտին ևս լրացուցիչ միջոցներ տրամադրվեն:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ևս ասաց, որ սահմանափակումները պետք է աստիճանաբար վերացնել, որին զուգահեռ պետք է տրվեն նաև առողջապահական երաշխիքներ, որպեսզի հոսպիտալացման մեծ հոսք չլինի:

«Երկուշաբթի օրը կհրապարակեն որոշումն ամբողջությամբ, որտեղ պարզ կլինի, թե ինչ չափանիշներով են մեղմացնում, ինչ չափանիշներով են ընտրել կոնկրետ տնտեսական ոլորտները, թիրախները: Բոլորս էլ հասկանում ենք, որ այս իրավիճակում տնտեսությունը չենք կարող փակ պահել, շրջանառությունը պակասել է, այդ խնդիրը պիտի լուծվի: Պարզապես պետք է հասկանալ՝ ինչ միջոցներով, ինչ գործիքներով պետք է վերականգնել»,-ասաց նա:

Տարոն Սիմոնյանը նշեց, որ եթե կառավարությունը որոշի, որ միանգամից ամեն ինչ է բացելու, ապա բնականաբար արձագանքը բացասական կլինի, իսկ աստիճանաբար քայլեր ձեռնարկելու դեպքում կքննարկեն, կահասկանան ՝ ինչպիսի քայլեր են:

«Սահմանափակումների մեղմացման հետ կապված քայլերը պետք է խիստ հաշվարկների, դատողությունների արդյունք լինեն: Օդում որոշումներ կայացնել պետք չէ, պետք է որդեգրել հաշվարկված քայլերի հաջորդականություն: Թե կառավարությունը որ ճանապարհով է գնում, կերևա երկուշաբթի օրը: Պետք է հաշվի առնել, որ մոտենում ենք արտակարգ դրության վերջնաժամկետին, պետք է հասկանալ նաև, թե դրանից հետո ինչ է սպասվում, ինչ քայլեր պետք է կատարել»,-ասաց նա: