«ԵՄ-ում ստեղծված COVID-19-ի պատվաստանյութերը հասանելի կլինեն ամբողջ աշխարհին». Մերկել

14:17 • 02.05.20

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը, որոնք մշակվում են ԵՄ-ում, հասանելի կլինեն ամբողջ աշխարհին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է ria.ru-ն։

Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովի հրավերով տեղի կունենա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի և դեղերի մշակման համար գումար տրամադրած դոնոր երկրների խորհրդաժողովը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի թեմայով․ Գերմանիայի կանցլերը նույնպես մասնակցում է խորհրդաժաղովին:

Քննարկվելու է, թե «ինչպես ենք մշակելու պատվաստանյութեր, դեղամիջոցներ, որոնք հասանելի կլինեն ամբողջ աշխարհին»,- հայտարարել Է Մերկելը՝ նշելով, որ Գերմանիան «իր վրա է վերցնում այդ պատասխանատվությունը»:

Մերկելի խոսքով՝ պատվաստանյութի մշակման համար նախկինի պես պակասում է մոտ ութ միլիարդ եվրո: Գերմանիան «զգալի ֆինանսական ներդրում կունենա» այդ աշխատանքում, ընդգծել է նա: Կանցլերը ողջունել է այն փաստը, որ այս գործունեության մեջ իրենց մասնակցությունն ունեն ոչ միայն կառավարական կառույցները, այլև մասնավոր հիմնադրամները, պատվաստանյութերի և դեղորայքի արտադրողները։

«Գերմանիան մտադիր է սերտորեն համագործակցել ԱՀԿ-ի հետ, որն իր կարևոր դերակատարումն ունի այս հարցում»,- ասել է Մերկելը։