Խուզարկություններն իրականացվում են մի շարք թերություններով, առգրավվել են փաստաթղթեր, աշխատանքային համակարգիչը. փաստաբանը՝ «Յուքոմի» տնօրենի բնակարանում խուզարկության մասին (տեսանյութ)
Լուսանկարում՝ Ucom-ի տնօրեն Արա Խաչատրյանն է
Մի քանի օր է՝ տեղի են ունենում խուզարկություններ տարբեր վայրերում, այսօր «Յուքոմի» նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանը, ավտոմեքենան ու աշխատանքային համակարգիչն են խուզարկել, այս գործընթացներում կան մի շարք թերություններ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արա Խաչատրյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը։
«Այս գործընթացի մեջ 2 հիմնական մեծ խնդիր կա: Առաջինն այն է, որ դատարանի որոշման մեջ, որով խուզարկություն են իրականացրել, Արա Խաչատրյանի մեքենայի համարը սխալ է գրված: Այսինքն` տեխնիկական սխալ է, բայց նշանակություն չունի, սխալը սխալ է իրավական տեսանկյունից, ինչը նշանակում է, որ մեքենայից վերցված բոլոր փաստաթղթերն ընդհանրապես թույլատրելի չեն ի սկզբանե»,-ասաց Արամ Օրբելյանը:
Փաստաբանը հիշեցրեց, որ գործընթացները տեղի են ունենում ընկերության շուրջ քննարկումներին զուգընթաց՝ բաժնետերերի վեճի հետ կապված: Ըստ նրա՝ առկա ինֆորմացիան՝ վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը այն մասին, որ պետք է առագրավվի և վճարվի պետական բյուջե, թույլ է տալիս իրեն թույլ է ենթադրել, որ միմյանց հետ փոխկապկցված են:
Արամ Օրբելյանն ասաց, որ այս պահին մանրամասներ չի կարող ասել, հիշեցրեց, որ խուզարկություն իրականացնում էր ԱԱԾ-ն:
15.27
Ազգային անվտանգության ծառայողները Ucom ընկերությունում են, որտեղ գտնվում է նաև նոր տնօրեն Արա Խաչատրյանի աշխատասենյակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացմամբ հայտնեց Արա Խաչատրյանի փաստաբաններից Ամրամ Մակինյանը:
Սակայն նա նշեց, որ դատարանն Ազգային անվտանգության ծառայությանը թույլատրել է խուզարկություն իրականացնել Արա Խաչատրյանի աշխատասենյակում, սակայն նրանք ապօրինի կերպով փորձում են խուզարկություն իրականացնել նախկին տնօրեն Հայկ Եսայանի աշխատասենյակում:
14:37
Այս պահին խուզարկություն է իրականացվում Ucom ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է փաստաբան Ամրամ Մակինյանը:
«Առգրավվում են քրեական գործին չառնչվող և ընկերության ռազմավարական զարգացմանը վերաբերող փաստաթղթեր»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ս.թ. ապրիլի 14-ին, հիմք ընդունելով Ucom ընկերության նախկին տնօրենի կողմից ներկայացված աշխատանքից ազատման դիմումը, հրատապ կարգով հրավիրվել էր Տնօրենների խորհրդի նիստ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, հաստատվել էր նոր տնօրենի պաշտոնում Արա Խաչատրյանի նշանակման հարցը:










