«Սահմանափակումների արագ թուլացման հետևանքով վարակի կրկնակի բռնկումներ կլինեն». Ցուկերբերգը կողմ է կորոնավիրուսային սահմանափակումների երկարաձգմանը

11:10 • 02.05.20

Ամերիկյան Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կողմ է կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու համար ԱՄՆ կառավարության հաստատած սահմանափակումներին․ ավելին՝ նրա կարծիքով՝ դրանց «չափից ավելի արագ թուլացման» հետևանքով ապագայում վարակի կրկնակի բռնկումներ կլինեն, հայտնում է Daily Mail պարբերականը։

Կայքի փոխանցմամբ՝ Ցուկերբերգն առավել զգուշավոր լինելու մասին ցուցումներ է արել Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկի այն հայտարարությունից հետո, թե մարդկանց՝ տներից դուրս գալու համար ձերբակալելը «ֆաշիստական» մոտեցում է։

«Անհանգստանում եմ, որ մինչև վարակման դեպքերի նվազագույն ցուցանիշներին հասնելը որոշ վայրերի աշխատանքի շատ արագ վերսկսումը կարող է հետագա նոր բռնկումների և առողջապահական ու տնտեսական ավելի վատ ու երկարաժամկետ հետևանքների հանգեցնել»,- նշել է Ցուկերբերգը։

Աղբյուրը մանրամասնում է, որ կարանտինային ռեժիմի հետ կապված Facebook  կայքից օգտվելու ցուցանիշներն առաջին եռամսյակում աճել են՝ չնայած որ գովազդից առաջացած եկամուտը նվազել է։
Ընկերության՝ առաջին եռամսյակի եկամուտը կազմել է 4.9 միլիարդ դոլար, մեկ արժեթղթի գինը 1․71 դոլար է: Նախօրդ տարի նույն ժամանակահատվածում ընկերությունը վաստակել էր 2․43 միլիարդ դոլար, մեկ արժեթուղթն արժեր 85 ցենտ։