Մամուլի քարտուղարը տեղեկացրել է կորոնավիրուսով վարակված ՌԴ վարչապետի առողջական վիճակի մասին

12:52 • 03.05.20

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը իրեն նորմալ է զգում, աշխատում է փաստաթղթերի հետ և մշտական կապի մեջ է գործընկերների հետ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով վարչապետի մամուլի քարտուղար Բորիս Բելյակովին:

Ապրիլի 30-ին ՌԴ վարչապետը նախագահին տեղեկացրել էր, որ իր մոտ կորոնավիրուս է հաստատվել:

«Միխայիլ Վլադիմիրովիչը մնում է բժիշկների հսկողության տակ և շարունակում է բուժումը»,-հայտարարել է Բելյակովը:

Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ Միշուստինն արդեն մի քանի շաբաթ սահմանափակել էր իր շփումները, հանդիպումներն անցկացնում էր առցանց: Ամեն դեպքում վարչապետի հետ շփված բոլոր անձինք կմեկուսացվեն և լրացուցիչ թեստեր կհանձնեն:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3․496․707 է, մահացել է 244․870 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: