Ճապոնիայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացության ռեկորդ է գրանցվել
Ճապոնիայում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 31 մարդ, սա ամենաբարձր օրական ցուցանիշն է երկրում՝ սկսած համաճարակի սկզբից: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել է 530-ի: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը` հղում տալով Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությանը:
Մահացության նախորդ պիկը (29 մարդ) Ճապոնիայում գրանցվել էր ապրիլի 23-ին: Նշվում է, որ մահացածների մեծ մասը`15-ը Տոկիոյից են:
Երկրում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակման 306 դեպք, դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 15,5 հազարը: Առողջացածների թիվը շուրջ 4600 է:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3․497․047 է, մահացել է 244․876 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










