Լոս Անջելեսում վաղ առավոտյան երկրաշարժ է գրանցվել. մոտակա շրջանի բնակիչներն զգացել են ցնցումները
Լոս Անջելեսի շրջանը ցնցվել է կիրակի առավոտյան տեղի ունեցած 3.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից:
Ինչպես հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը, ցնցումների էպիկենտրոնը եղել է Չեթսվորթ քաղաքից մեկուկես կմ դեպի հյուսիսարևմուտք՝ Սան Ֆերնանդո հարթավայրի հարևանությամբ:
Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 3:19-ին (երևանյան՝ 14:19): Ցնցումների օջախը գտնվել է 7 կմ խորությամբ:
Ավերածությունների մասին հաղորդումներ դեռ չեն ստացվել: Որոշ շրջանների բնակիչներ սոցցանցում գրառումներ են կատարել՝ հայտնելով, որ գիշերվա կեսին տեղի ունեցած ցնցումներն արթնացրել են իրենց քնից:
«Ես արթնացա խոր քնից: Դղրդյուններ էին լսվում»,- թվիթերյան իր էջում գրել է Չեթսվորթին մոտ բնակվողներից մեկը:
«Ես նույնպես զգացել եմ այն: Կարծես, թե մի քանի երկրաշարժեր արագ հաջորդեցին իրար»,- գրել է Սան Ֆերնանդո շրջանի բնակիչը:
Հիշեցնենք, որ Հարավային Կալիֆոռնիայում անցյալ ամառ հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել, որի ժամանակ ամենամեծ թվով հետցնցումներն էին գրանցվել վերջին երկու տասնամյակում: Ցնցումները սկսվել էին հուլիսի 4-ին: Ամենահզորը 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժն էր, որին մի քանի օրվա ընթացքում ավելի քան 100 000 հետցնցում էր հաջորդել:










