Միքայել Մինասյանի տեսաուղերձը համացանցի քննարկման թեմա է դարձել. արձագանքներ
Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի երեկվա տեսաուղերձը, որում նա ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի կողմից ստացված համագործակցության առաջարկի և այդ առաջարկը մերժելու իր դրդապատճառների մասին, համացանցում քննարկման առարկա է դարձել:
Մասնավորապես քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ինչպես ինքն է հասկացել՝ Նիկոլ Փաշինյանը Միքայել Մինասյանին հանցավոր գործարք է առաջարկել։ Ըստ նրա՝ այդ ամենից բխում է, որ Հայաստանում գործերը բացվում ու փակվում են վարչապետի ցանկությամբ, այսինքն չունենք դատարան, չունենք իրավապահ համակարգ։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան վերոնշյալի առնչությամբ նշել է, որ հավանաբար իշխող թիմում զգացել են, որ իրավիճակ է փոխվել, որոշները նույնիսկ մշակել են հետնահանջ պլան, իսկ ով չի կարողացել նահանջել, այժմ պիտի իր քաղաքականության մեջ գոյության ու պարգևավճարների համար մինչև վերջ պայքարի։

Փաստաբան Վահե Եփրիկյանն էլ գրել է, թե ըստ իշխանական շրջանակների՝ Միքայել Մինասյանն ու Արթուր Վանեցյանը պատասխանատու են մի բան համար, որն արել է Նիկոլ Փաշինյանը։

«Անվտանգության գոտի» հաղորդման հեղինակ, հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանն էլ կիսում է Միքայել Մինասյանի կարծիքն առ այն, որ ՀՀ ղեկավարի թագը խաչ է։ Ըստ նրա՝ դրանով է առաջնորդը տարբերվում իշխանից և այդ տարբերությունն առաջին հերթին պատասխանատվությունն է ու այդ առաքելության գիտակցումը` ազնիվ ու շիտակ։

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի կարծիքով՝ Միքայել Մինասյանն ուղղակիորեն փաստարկեց այն տեղեկությունները, որոնք արդեն երկու տարի է այս կամ այն կերպ կախված են օդում: Ըստ նրա՝ դատելով իշխանական շրջանակների հիստերիայի ինտենսիվությունից, կարելի է փաստել, որ Մինասյանը բացահայտեց Փաշինյանի ապագա դատվածության կարևոր հոդվածներից մեկը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի համար զվարճալի է դիտել, թե ինչպես է ամբողջ իշխանական քարոզչությունը փորձում դուրս գալ այսօրվա նոկ-դաունից։ Ըստ նրա՝ Միքայել Մինասյանի տեսանյութին կարող է փորձել պատասխանել միայն Նիկոլ Փաշինյանը։

Բլոգեր Վահագն Մխոյանը հիշել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և Նիկոլ Փաշինյանի հայտնի «գրիչի պատմությունը» և նշել, թե առաջիկա ուղիղ եթերում Փաշինյանը կցուցադրի Միքայել Մինասյանի՝ իրեն նվիրած գրիչը։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր գրառման մեջ նշել է, որ
իշխանական և մերձիշխանական խաղացողների արձագանքների քանակից դատելով՝ Միքայել Մինասյանը Նիկոլ Փաշինյանին իսկապես անհանգստացնող ֆիգուրների թոփ եռյակում է։

Ֆեյսբուքյան օգտատեր Շիրազ Խաչատրյանը ևս անդրադարձել է Միքայել Մինասյանի՝ տեսանյութի միջոցով արված հայտարարություններին և նշել, որ ԱԱԾ նախկին տնօրենն ասում էր, որ հանդիպել է Միքայել Մինասյանի հետ, ևս դա հաստատում է, սակայն երրորդ շահառուն, ըստ նրա, լռում է՝ կամ համաձայնելով տեսանյութում հնչած մտքերի հետ, կամ էլ նոր սցենար է մշակում։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության հիմնադիր Աղասի Ենոքյանի կարծիքով՝ Արթուր Վանեցյանի միջոցով Նիկոլ Փաշինյանը Միքայել Մինասյանին հայտնել է, որ շարունակում է գործել որպես թերթի խմբագիր։

«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն էլ վերոնշյալի առնչությամբ գրել է, որ Լավրովի հարցից բացի Նիկոլ Փաշինյանի համար ավելացավ մի դաժան հարց ևս։

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը կարծում է, որ ստերի և միֆերի վրա կառուցված պոպուլիզմը, որի միջոցով մոլորեցնում են մարդկանց ու ժողովուրդներին՝ շահելով վերջիններիս վստահությունը, այն կոնկրետ նպատակների ծառայեցնելով, պետք է վերացվի՝ ոչնչացնելով նույն այդ պուպուլիզմի հիմնաքարերը՝ ստերն ու միֆերը։ Ըստ նրա՝ ժամանակն է ինքներս մեզ հարց տանք կամ պատասխանատու լինենք հերթական անհատի վերաբերյալ հերթական «նորությունը» լսելիս, այն հերթական ծանոթին կամ անծանոթին ավելի ճոխ ներկայացնելիս։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այն կարծիքին է, որ ռեժիմը խուճապի մեջ է և խնդիրը Փաշինյանի՝ կաշառքի փոխարեն Միքայել Մինասյանին «ազատ արձակելու» առաջարկը չէ, այլ այն, որ իմքայլականները մտածում էին, թե «մյուս կյանքում» են պատժվելու, սակայն, ըստ նրա, «մյուսը» թակեց դուռը։











