Որքան շատ են տարածվում կորոնավիրուսի դեպքերը, այնքան քչանում են սահմանափակումները, այս անհաշվենկատ որոշումները հակասում են ողջամտությանը. Գևորգ Պետրոսյան

15:11 • 03.05.20

Անհաշվենկատ մոտեցում է, երբ մարդուն թույլ ես տալիս գնալ աշխատանքի, բայց նա հասարական տրանսպորտով չի կարող երթևեկել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով որոշմանը, ըստ որի՝ մայիսի 4-ից կվերացվի տեղաշարժի արգելքը, կբացվեն բացօթյա սրճարանները, ռեստորանները, գեղեցկության սրահները, սակայն տրանսպորտը չի գործի:

«Դա նշանակում է, որ մարդ տաքսիով պետք է երթևեկի և այստեղ ինքը պետք է որոշի, թե դա իրեն որքանով է ձեռնտու, առավելևս, եթե աշխատավայրը բնակավայրից հեռու է: Անպայման հասարակական տրանսպորտի որոշ տեսակներ պետք է վերագործարկվեն, հակառակ դեպքում ձեռնտու չի լինի այդ պայմաններում աշխատանքի գնալ և գալ»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ այսպիսի: «Համակարգում որոշումներ կայացնում են մարդիկ, ովքեր իրենց կյանքում առաջին և հավանաբար վերջին արտակարգ իրավիճակի հետ գործ ունեն և մասնագիտական մոտեցում չեն ցուցաբերում: Հիմա եթե ինձ տանեն աստղադիտարանում կոնֆերանս վարեմ, ես էլ նույն սխալները թույլ կտամ, ինչպես որոշ մարդիկ արտակարգ իրավիճակների պայմաններում՝ իրենց կայացրած որոշումներում»,-ասաց նա:

Նա նշեց, որ պետք է բոլոր հարցերում ամրագրել պրոֆեսիոնալիզմի սկզբունքը, որը օրենքով ամրագրված է, սակայն ոչ նախկին իշխանությունները, ոչ էլ առավելապես այս իշխանությունները չեն պահպանոմ: «Երբ Հայաստանում համավարակը դանդաղ տեմպերով էր տարածվում և վարակվածների թիվը մինչև 50-60 էր, սահմանափակումները կիրառեցին ամենայն խստությամբ, փողոցները, մայրուղիներով փակեցին։ Հիմա, երբ արդեն վարակակաիրների թիվը երեք օր է, ինչ գերազանցել է երկու հազարը, սահմանափակումները վերացնում են: Այսինքն ինչքան շատ է տարածվում, այնքան քիչ սահմանափակում, սա հակասում է խելամտության, ողջամտության սկզբունքին»,-ասաց նա և նշեց, որ ովքեր այս կարգերը սահմանում են, նրանց պետք է համարել իրավիճակի թիվ մեկ  պատասխանատուն:

«Ես չեմ կարող պնդել, որ այնտեղ նստած են անհայրենասեր մարդիկ, միտումնավոր են ուզում վնասել պետությանը, բայց այն, որ մեծամասնությունը բացարձակ տեղյակ չէ, թե ինչով է զբաղված արտակարգ իրավիճակում, դրա վառ ապացույցն է հարևան երկրների իրավիճակի հետ համեմատությունը»,-ասաց նա:

Գևորգ Պետրոսյանը հարց բարձրացրեց, թե ինչու են փակվել առևտրի կենտրոնները, երբ հնարավոր էր այդ առևտրի կենտրոնի մոտ ապահովել բուժաշխատողի առկայություն, թեկուզ 80 հազար դրամով, որը մուտք գործողների ջերմաստիճանը կչափեր, և եթե կասկածելի դեպքեր տեսներ, կարգելեր մուտք գործել։ «Պրոֆեսիոնալիզմի պակասը հանգեցրեց նրան, որ այդ սահմանափակումները կրեցին հիմնականում ձևական և անտրամաբանական բնույթ: Վերևներում հասկացան, որ այս վիճակը երկարաձգելը ոչ ավել, ոչ պակաս տանելու սոցիալական բունտի, քանի որ ժողովուրդը չի կարող տևական ժամանակ սոված մնալ: Դրա համար հետին թվով փորձում են իմաստուն ձևանալ»,-ասաց նա: