Հարավային և Հյուսիսային Կորեաների սահմանին հրաձգություն է տեղի ունեցել

10:44 • 03.05.20

Հրաձգություն է տեղի ունեցել Կորեայի Հանրապետության և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության սահմանին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռյոնխապ գործակալությանը:

Հրաձգությունը տեղի է ունեցել տեղի ժամանակով մայիսի 3-ին ժամը 07:41-ին (Երևանի ժամանակով 02:41-ին):

«Մի քանի կրակոցներ են արձակվել սահմանազատման գծի կենտրոնական հատվածում գտնվող դիտարկման կետի (Հարավային Կորեայի) ուղղությամբ»,-տեղեկացրել են Կորեայի Հանրապետության շտաբի պետերի միացյալ կոմիտեում:

Հարավկորեացի զինվորականները կարգադրության համաձայն երկու կրակոցով պատասխանել են հյուսիսի զինվորականներին: Տուժածներ և նյութական կորուստներ չկան:

Շտաբի պետերի միացյալ կոմիտեն հայտարարել է, որ հարավկորեացի զինվորականները գտնվում են պատրաստության բարձր մակարդակի վրա և փորձում են ճշտել տեղի ունեցածի հանգամանքները` հետագայում նման դեպքերը բացառելու նպատակով: