Գիտնականները նշել են կորոնավիրուսից մահացության բարձր մակարդակի ևս մեկ պատճառ
Որոշ երկրներում կորոնավիրուսից մահացության բարձր մակարդակը պայմանավորված է մարդկանց օրգանիզմում վիտամին D-ի պակասից: Այսպիսի եզրակացության են եկել Արևելյան Անգլիայի համալսարանի Ելիզավետա թագուհու հիվանդանոցի հիմնադրամի գիտնականները, որոնց ուսումնասիրությունը տեղ է գտել Research Square պարբերականի էջերում:
Մասնագետները համեմատել են 20 եվրոպական երկրների բնակիչների մոտ D վիտամինի միջին ցուցանիշը երկրում կորոնավիրուսից մահվան դեպքերի վիճակագրության հետ:
Պարզվել է, որ դրանք կապված են միմյանց հետ․ երկրներում, որտեղ բնակիչներն այդ վիտամինի պակասն ունեն, կորոնավիրուսից մահվան ցուցանիշն ավելի բարձր է:
«Վիտամինի առկայության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Իսպանիայի, Իտալիայի և Շվեյցարիայի բնակիչների մոտ»,-ասված է ուսումնասիրության մեջ:
Բացի այդ, D վիտամինի պակաս ամենաշատը զգացվում է տարեց մարդկանց մոտ, որոնք էլ ամենաշատն են մահանում կորոնավիրուսից:
Ներկայումս գիտնականներն աշխատում են կենսաբանական ակտիվ նյութերի միջոցով հիվանդության կանխարգելման կարգադրությունների շուրջ:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3․484․567 է, մահացել է 244․787 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










