«Մեծ ուրախությամբ և ոգևորությամբ ընդունեցինք»․ Կադիրովը՝ մարդկությանը համավարակից փրկելու համար մայիսի 14-ն աղոթքի օր հայտարարելու նախաձեռնության մասին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր աջակցությունն է հայտնել Եղբայրության բարձրագույն կոմիտեի՝ մարդկությանը համավարակից փրկելու համար մայիսի 14-ն աղոթքի համընդհանուր օր հայտարարելու նախաձեռնությանը, գրում է ria.ru-ն։
Ավելի վաղ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում ավանդական կիրակնօրյա քարոզի ընթացքում հավանություն էր տվել Եղբայրության բարձրագույն կոմիտեի՝ կորոնավիրուսի համավարակը հաղթահարելու համար բոլոր կրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ մայիսի 14-ին համընդհանուր աղոթքի և պահքի օր անցկացնելու նախաձեռնությանը։
«Մենք մեծ ուրախությամբ և ոգևորությամբ ընդունեցինք մայիսի 14-ը Եղբայրության բարձրագույն կոմիտեի կողմից մարդկության համար աղոթքի, ծոմապահության և աղերսանքի օր հայտարարելու լուրը»,- գրել է Կադիրովը։
Նրա կարծիքով՝ «միայն համախմբվելով և մեզ պառակտել սպառնացող տարաձայնությունները հաղթահարելով կարող ենք հուսալ, որ ամենաբարձրյալը կողորմա մեզ»։
Կադիրովը հիշեցրել է, որ Չեչնիայում կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր ամեն երեկո Ահմաթ-Հաջի Կադիրովի անվան կենտրոնական մզկիթում հայտնի աստվածաբաններն ու կրոնական գործիչներն աղոթում են համավարակից պաշտպանվելու և հիվանդներին բուժելու համար, հանրապետության բոլոր մզկիթներում Ղուրան են կարդում:










