Վրաստանում մայիսի 5-ից կարանտինային մի շարք սահմանափակումներ կչեղարկվեն, կբացվեն Բաթում և Քութաիս քաղաքները

13:27 • 04.05.20

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակը գտնվում է հսկողության տակ, այդ իսկ պատճառով կառավարությունը պետք է սկսի արդյունավետ քայլեր ձեռնարկել երկրի տնտեսությունը վերականգնելու ուղղությամբ: Այս մասին գրում է pia.ge կայքը:

Վարչապետի խոսքով՝ համավարակի դեմ պայքարում մտցված սահմանափակումների մեծ մասը կչեղարկվի, 4 խոշոր փակ քաղաքներից (Թբիլիսի, Ռուսթավի, Քութաիս, Բաթում) Քութաիսն ու Բաթումը կբացվեն, այս քաղաքներում տեղաշարժի սահմանափակումներ չեն լինի: Շաբաթվա վերջին հնարավոր է հարց բարձրացվի Թբիլիսի և Ռուսթավի քաղաքների բացման վերաբերյալ:

Իրենց աշխատանքը կվերսկսեն մեքենաների սպասարկմամբ զբաղվող ընկերությունները:

Համակարգող խորհրդի որոշմամբ մայիսի 5-ից կչեղարկվեն նաև շինարարական ոլորտի սահմանափակումները. շինարարական ընկերություններն ու բիզնեսը կկարողանան վերսկսել իրենց աշխատանքը:

Վերջին տվյալներով՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 593 և մահվան 9 դեպք: