Գետաշենցիներն իրենց ապրած կյանքը բաժանում են երկու մասի՝ մինչև կալանավորվելը և դրանից հետո. ազատամարտիկ-բժշկի հոդվածը՝ ադրբեջանցիների կողմից Գետաշենի բնակչության բռնի տեղահանության մասին
Բժիշկ, ազատամարտիկ Գևորգ Գրիգորյանը Tert.am-ին է տրամադրել կտտանքների և կազմակերպված բռնության ենթարկվածների հոգեկան և մարմնական վիճակի թեմայով իր հոդվածը, որտեղ անդրադառնում է Գետաշենի շուրջ ծավալված իրադարձություններին: Գևորգ Գրիգորյանի հոդվածը ստրոև.
«Գրել մի երևույթի մասին, որի առկայությունն անգամ երբեք չի ակնարկվել, առավել ևս չի հետազոտվել այն իրականացնելու տարիներին, չափազանց դժվար է: Ձեր ներողամտությունն եմ հայցում գիտական կուռ ձևակերպումների և հետևությունների բացակայության համար: Մեր համեստ փորձը՝ լուսաբանել քաղաքակիրթ մարդուն անհարիր երևույթը, հենված է սեփական դիտարկումների և եզրահանգումների վրա, քանի որ դեպքերի բերումով հանդիսացել եմ իրադարձությունների անմիջական մասնակիցը և որքան էլ տարօրինակ թվա, հետազոտության առարկան:
Շրջափակման մեջ գտնվող Գետաշենի բնակիչներն Ադրբեջանից բուժօգնություն ստանալ, բնականաբար, չէին կարող, ուստի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սարգիս Հակոբքյոխվյանին Երևանից օգնութան էին մեկնել վիրաբույժ Վալերի Խաչատրյանը և տողերիս հեղինակը՝ նույնպես վիրաբույժ: Համոզվելով, որ զենքի օգնությամբ Գետաշենը ծնկի բերել անհնար է, 1991թ․ ապրիլ-մայիս ամիսներին ադրբեջանական կողմը խորհրդային իշխանության դավադիր մասնակցությամբ իրականացրեց ենթաշրջանի հայ բնակչության բռնի տեղահանությունը:
Բնակչության տեղահանության մասին լուրերը տարբեր էր․ մի մասը կասկածի տակ էր առնում հավաստիությունը, մյուսները փորձում էին դրանով հիմնավորել հեռանալու իրենց ցանկությունը, քանի որ տարիներ շարունակ գտնվելով շրջափակման մեջ, գործնականում «փակ» տարածքում, զրկված լինելով ազատ տեղաշարժվելու, բերք աճեցնելու հնարավորությունից, ենթակա լինելով զինված հարձակումների վտանգին, կորցրել էին հավատը երբևէ խաղաղ պայմաններում ապրելու նկատմամբ:
Մի այլ խումբ տեղահանությունը համարում էր ժամանակավոր երևույթ, այլոք փորձում էին հնարավորություն ստանալ տեղափոխել տարիների ընթացքում վաստակածը: Ասեմ, որ դա նրանց չհաջողվեց․ եթե անգամ մի փոքրիկ կապոցով, բայց ողջ-առողջ կարողանում էին հեռանալ Գետաշենից ու Մարտունաշենից, համարում էին դա երջանկություն:
Այդ փուլում նկատվում էր արտահայտված գրգռվածություն, խոսում էին բարձր ձայնով, միաժամանակ, փորձելով դիմացինին համոզել իր տեսակետի ճշմարտացիությունը, խոսակցությունը ակտիվորեն զուգակցում էին ձեռքերի շարժումներով: Պարբերաբար այս կամ այն հայտարարությունն էր կատարվում, որից հետո բնակիչներն անմիջապես սկսում էին մեկնաբանել փաստերը՝ զգալիորեն լարելով իրավիճակը: Կանայք առավել էմոցիոնալ էին, գործողությունների հետևողականության մեջ անկազմակերպ և հախուռն՝ իրերը հավաքելիս հանկարծ անցնում էին կենդանիների խնամքին, խոսակցությունն անավարտ թողնելով, մոտենում էին մի այլ խմբի:
Առանձնապես ցայտուն էր դրսևորվում մի համոզմունք՝ դա պայքարելու անհնարինությունն էր: Անգամ նրանք, ովքեր զենքը ձեռքին տարիներ շարունակ պաշտպանական դիրքեր էին գրավել գյուղի մատույցներում և երբևէ մտքներով չէին անցկացրել գյուղը հանձնել, այժմ կազմալուծվել էին և պնդում էին, որ Գետաշենն այլևս անհնար է պաշտպանել: Այդ ծանր հարվածը բարոյալքման հիմնական շարժառիթն էր: Սակայն հարկ է նշել, որ չկար արտահայտված խուճապ, մարդիկ դեռևս չէին կորցրել սթափ տրամաբանելու և ստեղծված իրավիճակում կողմնորոշվելու կարողությունը, նրանց վարքում գերակայում էր արժանապատվությունը: Խուճապը սկսվեց այն ժամանակ, երբ խորհրդային զորքերը շրջապատեցին գյուղը և ադրբեջանական ՕՄՕՆ-ականները նրանց հովանու ներքո սողոսկելով տները՝ սկսեցին անպատիժ բռնաբարել, գնդակահարել, կացնահարել, տանջանքների ենթարկել բնակիչներին: Գետաշենցիները թաքնվում էին նկուղներում, մահճակալների տակ, փորձում էին զորավիգ լինել բարբարոսների ճանկերում գտնվող իրենց հարազատներին՝ երբեմն կատարելով հուսահատ, անբացատրելի քայլեր:
Սկսվել էր զանգվածային փսիխոզ, որը խորանում էր կատարվող չարագործություններին զուգահեռ: Գետաշենը հրետանակոծվում էր տանկերից, օդում սահմանային ցածր բարձրության վրա պտույտներ էին գործում ռազմական ուղղաթիռները, որոնք առավել սաստկացնում էին խուճապն ու ահը: Բժշկական օգնության կարիք ունեին բազմաթին մարդիկ, որոնք հիվանդ էին կամ վիրավոր: Վերջիններս վիրահատվում էին Գետաշենի հիվանդանոցում, ուր մինչև վերջին պահը պահպանվեց այդ հնարավորությունը: Հիվանդների մոտ նկատվում էին տարատեսակ շեղումներ՝ ռեակտիվ վիճակ, զառանցանքներ, հիստերիայի և նևրաստենիայի դրսևորումներ, հիպերտոնիկ կրիզներ, արյունահոսություններ, ստենոկարդիայի նոպաներ: Պետք է նշել, որ այդ փուլում չէր նկատվում դեպրեսիայի կամ ասթենիզացիայի երևույթներ, ընդհակառակը՝ մարդիկ էրեկտիլ փուլում էին, գրգռված, փսիխոէմոցիոնալ պրոդուկտիվ արտահայտություններով: Բնակիչները տեղափոխվում էին դեպի գյուղի կենտրոն և խտացած տեղավորվում էին հարազատների տներում՝ ենթագիտակցորեն միասնության մեջ փորձելով զորավիգ լինել միմյանց: Հիվանդանոց դիմում էին միայն վիրավորները, հիվանդները, չգիտես, թե ինչու, մնում էին տներում, և բժիշկները սպասարկում էին նրանց տնային կանչերի ձևով: Ճիշտ է, դեղորայքը, որ կիրառվում էր տվյալ պայմաններում, ցուցված էր, սակայն արդյունքները նվազագույն էին և երևույթները պարբերաբար կրկնվում էին նույն հիվանդների մոտ:
Թեև հիպերտոնիկ կրիզը, նևրոզը, ստենոկարդիան, ֆոբիաները լիովին հաղթահարել չէր հաջողվում, մահացու ելքեր այդ հիվանդություններից չպատահեցին՝ օրգանիզմը գերլարված վիճակում կարողանում էր խթանել պահեստային ուժերը, վերջին ճիգերով կառչելով կյանքից:
Չհանդիպեցին նաև այլ սթրեսային արտահայտություններ՝ պերֆորատիվ խոց, ինսուլտ, միոկարդի ինֆարկտ և այլն: Տեղահանությունից հետո շատ գետաշենցիներ մահացան հատկապես այդ հիվանդություններից: Դրանով թերևս հաստատվում է այն փաստը, որ կրած սթրեսները համեմատաբար արագ բերում են սոմատիկ հիվանդությունների խորացման:
Զանգվածային փսիխոզի դասական դրսևորում նկատվեց թռիչքային հրապարակի մատույցներում, ուր բնակչության բռնի տեղահանությունը կատարվում էր ուղղաթիռների միջոցով: Զինված ադրբեջանցիները և խորհրդային զինվորականները շրջափակել էին թռիչքահրապարակը՝ տեղացիներին կուտակելով այդ սահմանափակ տարածքում, նրանց պահում էին նշանառության տակ, ստիպում էին նստել գետնին՝ ձեռքերը ծոծրակին դրած դիրքով: Կրակոցները զուգակցվում էին ուղղաթիռների հռնդյունով, մարդկանց ենթարկում էին ակնհայտ ծաղրանքի, թալանում նրան, ծեծում ինքնաձիգների խզակոթերով, ձերբակալում: Կանանց և երեխաների լացը սաստում էին վայրի հայհոյանքներով, գոռոցներով և կտրուկ հրամաններով: Տեղաշարժվելու հնարավորություն չունենալով՝ մարդիկ կուտակվում էին իրար գլխի և այդ կերպ պաշտպանվում հարվածներից: Խուճապի մատնված բնակիչները համատարած սարսափի զգացումից մասամբ ձերբազատվում էին միայն ուղղաթիռի՝ օդ բարձրանալուց հետո, որով տեղափոխվում էին Ստեփանակերտ:
Երեք բժիշկներիս կալանավորեցին ուղղաթիռ բարձրանալուց առաջ փաստաթղթերը ստուգելիս: Դա իրականացնում էր խորհրդային զինվորը, որն էլ մեզ հանձնեց ադրբեջանցիներին: Քանի որ առկա էին գործուղման համապատասխան փաստաթղթերը, չէինք կարծում, որ բժշկի անձեռնամխելիության՝ աշխարհում ընդունված կանոնակարգը կարող է այդքան անմարդկային ձևով ոտնահարվել: Մեր իրերն անմիջապես բռնագրավեցին և լուտանքների ենթարկելուց հետո փակեցին կալանավորներ տեղափոխող փակ ավտոմեքենայի խցերում: Աստիճանաբար վանդակաճաղերի ետևում հայտնվեցին ևս տասնչորս գետաշենցիներ: Նեղ խցերում շարժվելու հնարավորություն չկար, սաստիկ տոթ էր: Ծարավի կամ քաղցի զգացողությունը վերացել էր, ժամերն անցնում էին, բայց մեր վիճակի մեջ որևէ որոշակիություն չկար: Ստեպ-ստեպ թափք էին բարձրանում ինչ-որ թափթփուկներ, ու քանի որ մենք փակի տակ էինք և չէին կարողանում մեզ հոշոտել, թքում էին, հայհոյում կամ երկար ձողերով հարվածում կալանավորներին: Այդպես վարվում են գռեհիկ մարդիկ կենդանաբանական այգում, երբ վանդակի մեջ գտնվող կենդանուն գրգռում են՝ զգալով, որ անպատժելի են:
Հատկանշական է կալանավորի հոգեբանական վիճակն առաջին պահին: Սկզբում պատրանք է առաջանում, թե կատարվածը թյուրիմացություն է և շուտով այն կհարթվի, կա հավատ արդարության նկատմամբ, պահի լրջությունը չի ընկալվում, անգամ առաջանում է որոշակի հետաքրքրություն ստեղծված իրավիճակի նկատմամբ: Սա դրսևորվում է տարբեր ձևերով՝ որոշ մարդիկ սկսում են զրուցել: Այդ զրույցներն առավելապես կրում են մենախոսության ձև՝ ճգնելով փարատել իր իսկ կողմից առաջացած կասկածները հօգուտ շուտուփույթ ազատման:
Մյուսները, որոնք տիրապետում են ադրբեջաներենին, լարված փորձում են դրսի ժխորի միջից որսալ որևէ հուսալի լուր: Ընդհանուր տեսակետն է «Կապրենք, կտեսնենք», թեև ապրելու հնարավորությունն իսկ հարցականի տակ է ակնհայտ իրավախախտումների պայմաններում:
Համակ շփոթություն էր տիրում, փորձում են սրան-նրան համոզել, որ իրենք անմեղ են, որ կատարվածը սխալմունք է, սակայն հանդիպելով ծաղրանքի և սպառնալիքի, աստիճանաբար սկսում են գիտակցել կատարվածի լրջությունն ու հնարավոր վտանգները, քանի որ սպանելու, կախելու, մորթելու, անդամահատելու սպառնալիքներն անընդհատ կրկնվում են ադրբեջանցիների կողմից: Խանլարի շրջանի դատախազը, ճանաչելով Սարգիս Հակոբքյոխվյանին, սպառնացել էր անձամբ մորթազերծ անել նրան: Այսպես լիցքավորում էին կալանավորների գիտակցությունը՝ ստիպելով նրանց համակերպվել իրենց անխուսափելի տանջալից մահվան հետ:
Գյանջայի բանտի բակում հայտնվելուց հետո միայն համոզվում ես, որ կատարվածը չար երազ չէ, այլ դաժան իրականություն: Մտորումների ժամանակ այլևս չկա, քանի որ հայ կալանավորն այդ պահից ընկնում է մսաղացի մեջ ու սկսվում է մարմնական և հոգեկան անվերջանալի մղձավանջը: Բոլորիս հրելով ցած են նետում բանտի նկուղ: Սարսափազդու գոռոցներով ու հայհոյանքներով մեզ վրա է հարձակվում ռետինե մահակներով զինված ոհմակը և հարվածների տարափի տակ ստիպում մերկանալ, ապա անխտիր խլում այն, ինչ մնացել էր նախկին խուզարկությունից հետո: Մերկ մարմնի վրա մահակի հարվածը առավել զգալի է․ անմիջապես առաջանում են մաշկի պատռվածքներ, ջնջխված վերքեր, արյունահոսություն, որի տեսքը, ինչպես հայտնի է, վայրի զգայնության է հասցնում դահիճներին:
Մեկի վրա հարձակվում են հինգ-վեց հոգով՝ հարվածելով գլխին, որովայնին, գոտկատեղին, վերջույթներին: Կրունկներին ուժեղ հարված ստանալուց հետո հնարավոր չէ կանգնել, արևային հյուսակին հասցրած աքացին շնչարգելություն է առաջացնում, պարանոցի կողմնային մակերեսին ուղղվածը գիտակցության կորստի է բերում: Որքան տևեց խոշտանգման այդ ալիքը, դժվար է ասել, քանի որ գալարվող մերկ մարմինները, սարսափած ճիչերը և շամփրող ցավը այնպես է բթացնում զգայարանները, որ կողմնորոշվել տարածության ու ժամանակի մեջ անհնար է դառնում: Իսկ ծեծել դադարում են այն ժամանակ, երբ իրենք են հոգնում և ուժ չեն ունենում հարվածելու, ապա հերթով հանգստանում են: Հետո կողմնորոշումը կորցրած ու խելագարության աստիճանի սարսափահար հայերին հրամայում են հագնվել ու սկսում զավեշտանալ, քանի որ կալանավորները պարզապես չեն կարողանում հագնվել, այլ մի կերպ փորձում են ծածկել իրենց մերկությունը՝ շփոթելով մեկը մյուսի հագուստը կամ վարտիքն ու վերնաշապիկը, առանց գուլպա կոշիկներ հագնում ու փնտրում կորցրածը: Այդ պահը առանցքային է, քանզի հուժկու հոգեբանական ճնշման տակ ստացած դաժան ծեծը շատերի մոտ առաջացնում է անասնական վախ, կաթվածահար է անում կամքն ու առաջացնում ուժեղի առաջ ստրկամտության զգացում՝ խանգարելով նրան հետագայում ճիշտ գնահատել իրավիճակը: Նեղանում է մտահորիզոնը և անձի ուղեղը աշխատում է մի ուղղությամբ՝ ինչպես անել, որպեսզի համեմատաբար քիչ հարվածներ ստանալով կարողանան արագ կատարել հրամանները: Իրավական նորմերին համապատասխանող ձերբակալությունների ժամանակ այս պահը բացակայում է, քանի որ բացակայում է վերը նկարագրված հուժկու սթրեսը՝ անսպասելի խոշտանգումները և հոգեբանական գրոհը բանտապահների կողմից:
Նկուղից մեզ տեղափոխեցին մի խուց, որտեղ առաջին անգամ հնարավորություն ունեցանք սթափվել վերապրածից, զննել միմյանց: Դեմքերն անճանաչելի էին դարձել, շատերն ի վիճակի չէին ոտքի կանգնել, արյուն կար հագուստների վրա, մի քանիսը փսխում էին, գանգատվում մարմնի ցավերից: Հետո ի հայտ եկան կոտրվածքները, արյունամիզությունը, արյունային փսխումները: Բժիշկներս թեև առավել բարվոք վիճակում չէինք, փորձեցինք խորհուրդներով կամ սառը թրջոցների օգնությամբ փոքրիշատե մեղմացնել առավել ծանր վնասվածքներ ունեցողների տառապանքները:
Երբեմն բավարար էր շոշափելուց հետո ասել, որ կոտրվածք չկա և մարդը ասես հանգստանում էր: Վալերի Խաչատրյանը Գետաշեն ժամանելուց առաջ սրտամկանի ինֆարկտ էր տարել, ու թեև գյուղում կարողացել էր մոռացության տալ այն և բավականին կազդուրվել էր, բանտում գտնվելու առաջին րոպեներից վատացավ, սկսվեց հևոց, սրտխփոց, ցավեր կրծոսկրի ետևում:
Այսպիսով կալանավորների մոտ առաջին իսկ օրը դիտվում էին ուղեղի ցնցում, արյանազեղումներ, զանազան վերքեր, հեմատոմաներ, մկանների և երիկամների սալջարդ, իշեմիկ հիվանդության սրացում, թոքերի և ստամոքսի միկրոտրավմաներ, ոսկրերի կոտրվածքներ: Հոգեկան սֆերայի կողմից դիտվում էր սարսափ, ընկճվածություն, խուճապ, հակասական մտքերի հերթագայում, անկանխատեսելի իրադարձությունների նկատմամբ առաջացած վախ:
Համընդհանուր սարսափն այն աստիճանի էր գերակայում, որ խցի դուռը բացվելիս բոլորը խմբվում էին հանդիպակած անկյունում՝ աշխատելով թաքնվել մյուսների թիկունքում: Պետք է նշել, որ վերը նշված երևույթները շղթայաձև ինդուկցվում էին, քանի որ ամբոխային վարքի տարրերը դրսևորվում էին ենթագիտակցորեն, միմյանց կրկնօրինակելու ձևով: Անհատական տրամաբանությունը ենթարկվում էր մեծամասնության վարքին: Խցից մեկ առ մեկ դուրս էին հրում կալանավորներին և միջանցքում կրկին մերկացնելուց հետո խոշտանգում մինչև գիտակցության կորուստը: Անգիտակից և ուժասպառ զոհին նետում էին այլ խուց: Ես գիտակցության եկա կարցերում, ուր ամեն բան ուղղորդված էր տառապանք պատճառելու նպատակին: Քարե զնդանում ցուրտ էր, ցեմենտե գետինը խոնավ, մարմնի դողը չէր հանդարտվում, անհանգստացնում էր գլխացավը և վերքի արյունահոսությունը: Հագուստս անկյունում կիտված էր, սակայն հագնվել չէին թույլատրում: Այդ պահից արգելվում էր նստել կամ պառկել, անգամ հենվել խորդուբորդ պատերին: Սնունդը բացառված էր, բայց ջուր կար: Դուռը պարբերաբար բացում էին տարբեր մարդիկ ու շարունակում կտտանքների ենթարկել, մինչև հոգնում էին: Այդ ամենն ուղեկցվում էին վայրահաչոցներով, քրիստոնեության նկատմամբ ատելության արտահայտություններով՝ ստիպելով խոստովանել մեղքեր, որ ես չէի գործել:
Գիտակցությունը կորցնելիս զարմանալի թեթևություն էր զգացվում, հարվածները ընկալվում էին ասես հեռվից, դանդաղորեն: Սկսվեցին հալուցինացիաներ՝ պատերն արնագույն փափուկ թավիշով էին պատված, սանհանգույցը վերածվել էր թավշապատ բազկաթոռի, ես գլորվում էի արնագույն անդունդը: Կտտանքների ընթացքում միայն մտածում ես, թե երբ են դրանք ավարտվելու, իսկ այն մի քանի րոպեներին, երբ չեն խոշտանգում, երանության պահեր ես ապրում:
Երբեմն թվում է, թե մտքերը դադարում են քոնը լինել, հեռանում են ուղեղի միջից, մնում է մթնած ինչ-որ դատարկություն: Այդ վայրկյաններն ամենասարսափելին էին, քանի որ առողջ բանականությունը հուշում էր, որ կարող ես խելագարվել: Այդպիսի պահերին ստիպում էի մտածել որևէ կոնկրետ բանի մասին՝ ճախրող թռչուն, կանաչ տերև և այլն: Դա օգնում էր, և ես վերականգնում էի հոգեկան հավասարակշռությունս: Աշխարհից մեկուսացած ուղեղը ելք է որոնում դեպի բնականոն գործունեություն, ընդգծում արտաքին աշխարհի գոյությունը, խորացնում ապրելու տենչը: Ոչ մի պահ չմտածեցի ինքնասպանության մասին, թեկուզ և դահիճներիս բավականություն չպատճառելու համար:
Մի օր դուռը բացվեց, ներս մտավ մի ադրբեջանցի կալանավոր, անկյունում կուտակված հագուստիս միջից ընտրեց իմ կոշիկները և դուրս եկավ՝ ասելով, որ վաղը, միևնույն է, ինձ գնդակահարելու են: Ամեն օր ամենաթողությունները կրկնվում էին, բայց բացի խոշտանգիչներից, ոչ ոքի չէի տեսնում, որպեսզի լսեր իմ բողոքը անօրինական ձերբակալության վերաբերյալ: Քաղցի զգացումը բթացել էր և այլև տառապանք չէր պատճառում:
Չորս օր հետո, երբ դուրս բերեցին կարցերից, միջանցքում տեսա կալանավորներից մեկին, որի գոռալուց խռպոտած ձայնը անընդհատ լսում էի վերջին օրերին: Նրա հայացքը իմաստից զուրկ էր, թափառող, ոչինչ չընկալող, սևեռուն մտքերն ու հալուցինացիաները պաշարել էին նրան, չճանաչեց ինձ: Պնդում էր, որ իր որդին ավտովթարի է ենթարկվել, նրան թաքցրել են սառնարանի ետևում և իրեն չեն թույլատրում գնալ նրա մոտ: Մեզ բաժանեցին իրարից, ինձ տեղափոխեցին ընդհանուր բանտախուց, ուր ռուս քրեական հանցագործներ էին և մի հայ պատանյակ, որին, իհարկե, ճանաչում էի գյուղից: Նրան շինծու մեղադրանք էին ներկայացրել, իբր դանակով հարձակվել է ՕՄՕՆ-ականի վրա: Հետաքրքիր էր նրա վարքը․ տառապելով ծեծից ու բարոյական նվաստացումներից՝ նա այնուհանդերձ հարմարվել էր իրավիճակին և օրերն անց էր կացնում քրեականների հետ զառ խաղալով, հարցուփորձ էր անում գաղութի նիստուկացից և անսքող անհամբերությամբ սպասում, թե երբ է բանտից տեղափոխվելու գաղութ:
Մարդիկ յուրովի էին ընկալում շրջապատը և համապատասխանաբար նաև նրանց վարքը: Բավական էր ուշանար ճաշը, հարևանս սկսում էր տրտնջալ և անիծել իր բախտը, քանի որ քաղցը հանգիստ չէր տալիս նրան: Տեղափոխվելով այլ կալանախցեր՝ նկատում էի, որ տարբեր են կալանավորների հոգեկան ռեակցիաները՝ մեկը ընկճված էր, մյուսը անընդհատ բարձրաձայն երազում էր ազատության մասին, երրորդը հարմար պահ էր փնտրում ինքնասպանություն գործելու համար։
Դատավարությունը, որ տեղի ունեցավ կալանքից յոթ-ութ օր հետո, հիշեցնում էր երեսունական թվականների «եռյակների» ձեռագիրը, քանի որ չկար ոչ դատապաշտան, ոչ որևէ բան բացատրելու հնարավորություն: Մեկ- երկու րոպե տևող ներկայացման ընթացքում հապճեպ հայտարարում էին դատավճիռը և սենյակից դուրս բերում մեղադրյալին:
Կալանախցերում բացակայում էին մարդկային պայմանները՝ հացը և ճաշը միասին չէին բաժանում, գդալներ չկային, տղաները թասից էին խմում: Չկար օճառ, բժշկական օգնություն, վարչակազմի կողմից ոչ մի համայց չէր կայանում, որի համար, իհարկե, գոհ էինք, քանի որ միջանցքից լսվող ամեն ոտնաձայնի, դռան ամեն բացվելու հետ մեզ ենթարկում էին նոր փորձությունների: Ռետինե մահակի միայն տեսքը շատերի մոտ ակամա միզարձակություն էր առաջացնում: Անգամ ոչ ադրբեջանցի կալանավորներին սովորեցնում էին սադրանքներ կատարել մեր նկատմամբ, հայերին ստիպում էին ծեծել իրենց հետ կալանավորված ընկերներին ու երբ նրանք ակնհայտորեն թույլ էին հարվածում, բանտապահները կրկնում էին սովորական դարձած տանջանքները:
Աստիճանաբար տեղի էր ունենում ադապտացիա, բայց այն բացասական էր, երևակայականն ու իրականն անընդհատ հակամարտության մեջ էին և դառը առօրյան բերում էր նոր հուզումների, կորսված պատրանքները խորացնում էին հուսահատությունը, և օր օրի խորանում էր դեպրեսիան: Մյուսների մասին տեղեկություն չկար, ոչ ոք չգիտեր՝ հարևան կալանախցում փակված ընկերը կենդանի՞ է, թե՞ ոչ: Հաճախ հենց բանտապահները կամ նրանց միջոցով ադրբեջանցի կալանավորներ էին հայտնվում և դիմում բժշկի իմ օգնությանը, ստանում էին այն, սակայն րոպեներ անց ծեծի էին ենթարկում՝ ասելով, որ լավ խորհուրդներ չեմ տվել: Գայլի և գառի պատմությունը բազմիցս կրկնվում էր:
Հարցաքննություններիընթացքում առավել սաստկացան հոգեբանական ճնշումները՝ բանսարկություններ հայ կալանավորներին միմյանց դեմ լարելով կամ ստիպելով խոստովանել որևէ սպանություն, որը հավասարազոր էր մահվան դատավճռին: Սակայն կար համախմբվածություն, կամքի ուժ․ ոչ մի պարագայում տեղի չունեցավ վեճ կամ զգացմունքների պոռթկում գետաշենցիների միջև: Ավելին՝ բանտարկության տասը-տասերկուերորդ օրը մարդիկ փոքր-ինչ վերգտան հոգեկան հավասարակշռությունը և անգամ ժպիտ երևաց նրանց դեմքերին:
Թեև լարված և մղձավանջներով հագեցած օրերը դժվարությամբ էին անցնում, բայց առաջին օրերի տեղատվությունը և դեպրեսիան աստիճանաբար նվազում էր: Սկսում էին պատմել անցած կյանքից դրվագներ և կարևորն այն էր, որ այդ զրույցներին մասնակից էին լինում գրեթե բոլորը: Դա խոսում է այն մասին, որ անգամ ծայրահեղ պայմաններում մարդկային ընդհանրությունը հակված է մերձեցման, այլ ոչ օտարացման: Հոգեկան կղզիացումը կբերեր դեպրեսիայի անխուսափելի խորացման: Բայց իրականությունը լավատեսության ոչ մի հիմք չէր տալիս: Անգամ բակ դուրս գալը, որ կայացավ ընդամենը մեկ անգամ, գնդակահարության վայր էր թվում: Սկսեցին բանտարկյալներին լուսանկարել և վերցնել մատնահետքերը: Բարձրացավ հուսահատության հերթական ալիքը՝ այդքան բաղձալի ազատության հույսը մարում էր: Կալանավորները քիչ էին հաղորդակցվում, ապրումները հանգիստ չէին տալիս, կասկածները ի վնաս տրամաբանության էին աշխատում:
Բայց եկավ ազատության օրը, մեզ ազատ արձակեցին շնորհիվ միջազգային և հասարակական բազմաթիվ ատյանների եռանդուն գործունեության: Ազատ արձակելու արարողությունը նկարահանեցին ճապոնացի օպերատորները, բայց ինչպես ներկայացվեց փաստը, ինձ անհայտ մնաց: Մեզ հրահանգել էին տեսախցիկների առաջ ներկայացնել, որ բանտում ապահոված ենք եղել անկողնով, ծխախոտով, բուժօգնությամբ, անգամ թխվածքներով: Երեք բժիշկների ապօրինի ձերբակալման փաստը լայն արձագանք գտավ աշխարհում: Կալանքի տասնյոթ օրերի ընթացքում Կարմիր խաչի ոչ մի ներկայացուցիչ մեզ չի այցելել, այնինչ բանտի իշխանությունները ստիպեցին հավաստել, որ մարդու իրավունքի ոտնահարման դեպքեր չեն իրականացրել կալանավորված գետաշենցիների նկատմամբ: Մեզ հետ ազատ արձակվեցին ևս տասնչորս գետաշենցիներ: Համարյա բոլորը լուրջ բուժման կարիք էին զգում և դա կազմակերպվեց Երևանի տարբեր հիվանդանոցներում:
Վալերի Խաչատրյանի առողջական վիճակը խիստ ծանրացել էր բանտում: Առանց բժշկական օգնություն ստանալու, ամենօրյա կտտանքների հետևանքով սկսվել էր սիրտ անոթային և շնչական անբավարարություն, որի համար էլ նա հաշմանդամության խումբ ստացավ: Սակայն առողջությունը չվերականգնվեց և վեց ամիս հետո այդ խիզախ, իր գործին ու հավատամքին նվիրված մարդը վախճանվեց: Երկարատև թղթային քաշքշուկից հետո հաջողվեց ապացուցել, որ առողջության կտրուկ վատացումը բանտում անցկացրած տառապանքների հետևանք էր:
Մյուսների մոտ առաջացել էին տասներկումատնյա աղու խոցեր, ուղեղի ցնցում, հիպերտոնիա, սիտուացիոն պայմանավորված դեպրեսիվ սինդրոմ, փափուկ հյուսվածքների բազմաթիվ վնասվածքներ, հոդախախտումներ, կոտրվածքներ, ռեակտիվ փսիխոզներ, սուիցիդալ հակումներ: Ես վերադարձա իմ աշխատավայր՝ հրաժարվելով կուրորտային բուժումից, քանի որ ռեաբիլիտացիայի կարևոր գործոններից մեկն է հանդիսանում սիրած աշխատանքով զբաղվելը:
Հետագա դիտարկումները որոշակի եզրահանգումների հիմք են տալիս: Կան նախկին կալանավորներ, որոնց մոտ երկար ժամանակ պահպանվում էր աուտիզմը, խորացել էին իրենց ապրումների մեջ, ու թեև սոմատիկ առողջ էին զգում իրենց, պարբերաբար անդրադառնում էին բանտային օրերին, նշում զանազան գանգատներ, որոնք փարատել անհնար էր:
Բռնադատված անձանց հոգեբանական և սոցիալական ադապտացիան կապված նյարդային համակարգի կայունության, կենսապայմանների, տարիքի, զբաղվածության հետ, ընթանում է տարբեր ձևով: Անկայուն, մելանխոլիկ հակվածության անձանց մոտ գանգատները՝ գլխացավ, գլխապտույտ, վերջույթներում պարեսթեզիայի զգացում, դյուրագրգռություն, վերադարձ դեպի անցած ապրումները տարիներով շարունակվում են: Ապրած կյանքը բաժանում են երկու մասի՝ մինչև կալանավորվելը և կալանավորվելուց հետո: Շատերի մոտ ավելի քան մեկ տարի շարունակվում էին մկանացավերը: Ապօրինի կալանավորված և բռնադատված անձանց հետագա ռեաբիլիտացիան և դիտարկումները կարիք ունեն լուրջ ուշադրության, քանի որ սա այն դեպքն է, ուր պրոֆիլակտիկ միջոցառումներ անցկացնելու տարբերակները բացակայում են»: 18 հոկտեմբերի 1995թ.










