Մայիսի 2-ին Շիրակի մարզի ավտոգազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

15:45 • 04.05.20

2020 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի Գյումրու խճուղի 2 հասցեում գործող ավտոգազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է կայանված «Վազ 21213» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը, ինչի հետևանքով նույն գազալցակայանի լիցքավորող, Մեծ Սեպասար գյուղի բնակիչ, 1980 թվականին ծնված տղամարդը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է գործ:

Կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է։ Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ: