Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կանխատեսել է, որ 1,2 միլիոն ուկրաինացի կարող է կորոնավիրուսի զոհ դառնալ

17:42 • 04.05.20

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կանխատեսել է, որ 1,2 միլիոն ուկրաինացի կարող է կորոնավիրուսի զոհ դառնալ, և կոչ է արել քաղաքացիներին հետևել կարանտինային սահմանափակումներին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Շփվել եմ առաջատար մասնագետների հետ, որոնք ասում են, որ երկրների բնակչության 80%-ը կհիվանդանա, մահացությունն էլ կկազմի 2-3%: Ուկրաինայի բնակչության 80%-ը կազմում է 35 միլիոն մարդ: Իսկ հիմա հաշվեք, թե ինչքան է դրա 3%-ը: Ես հաշվել եմ, 3%-ը դա 1,2 միլիոն մարդ է, որը կարող է մահանալ»,-ասել է Կլիչկոն կառավարության արտահերթ նիստի ժամանակ:

Վերջին տվյալներով՝ Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 331 և մահվան 303 դեպք:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 589 262 է, մահացել է 248 847 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: