Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ 2000 տեղամասերից 1500-ում կլինեն տեսախցիկներ. Տիգրան Մուկուչյան

12:01 • 04.05.20

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հաղորդում ներկայացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: ԱԺ «Բարգավաճ Հայստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Մուկուչյանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ հնարավոր չէ Հայաստանի ողջ տարածքի բոլոր տեղամասերում ապահովել հանրաքվեի բուն պրոցեսի տեսանկարահանումը:

«Մենք ժամանակին մեր գնահատականը տվել ենք այդ հանրաքվեի իրավական կողմի վերաբերյալ, բայց այստեղ իրավական կողմը չէ: Իրականությանը համապատսխանո՞ւմ է այդ լուրը, որ հնարավորություն չի լինելու ամբողջ տարածքում ապահովել տեսանկարահանումը»,- ասաց պատգամավորը:

Տիգրան Մուկուչյանն էլ նշեց, որ տեսանկարահանում սկսել են 2017 թվականին և նույն ծավալով ունեցել են 2018 թվականին: Նա նշեց, որ երկու համապետական ընտրությունների ժամանակ էլ 2000 տեղամասերից 1500-ում է եղել տեսանկարահանում, ապահովել ընտրողների թվի 92-93 տոկոս ծածկույթ: «Երևան քաղաքի բոլոր տեղամասերն ապահովված են եղել տեսախցիկներով, ընտրողների թվով խոշոր տեղամասերը ևս, ապահովված չեն եղել միայն հեռավոր տեղամասերը, ինտերնետի բացակայության, տեխնիկական խնդիրների պատճառով»,- ասաց նա:

Նա նշեց, որ այս հանրաքվեի կազմակերպման ընթացքում էլ առանձին տողով կառավարության կողմից հատկացվել են միջոցներ՝ տեսախցիկներ տեղադրելու համար: «Մենք սկսել էինք այդ աշխատանքները, կազմակերպությունն առկա է, նույն կազմակերպությունն է, ինչ նախորդ երկու անգամվանը: Սկսել էինք աշխատանքները 1500 տեղամասերում տեսախցիկներ տեղադրելու, ավելին՝ տեսախցիկներն արդեն սկսել էին տեղադրվել տեղամասյին կենտրոններում: Արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված՝ բնական է, որ աշխատանքները դադարեցվեցին, բայց արդեն շարված տեսախցիկները հանձնվել է այդ հաստատությունների տնօրենների պատասխանատվությանը, վերսկսվելու պարագայում այդ աշխատանքը շարունակվելու է: Եթե չեմ սխալվում, մոտ 1200 տեղամասում արդեն տեղադրված էին այդ տեսախցիկները, այսինքն աշխատանքի ամենաժամանակատար պրոցեսն արվել է»,- ասաց նա:

Մուկուչյանը նշեց, որ այս անգամ էլ 2000 ընտրատեղամասից 1500-ում կունենանք տեսախցիկներ և ընտրողների թվի առումով 92-93 տոկոս ծածկույթ:

Գևորգ Պետրոսյանն էլ արձագանքեց նշելով՝ փաստորեն ճիշտ էին այն խոսակցությունները, որ ամբողջ տարածքում չի կարողանալու պետությունը ապահովել տեսախցիկների առկայությունը:

«Մենք նախկինում ևս համապետական ընտրությունների ժամանակ 2000 տեղամասերում չէինք դրել, իրականում կան հեռավոր բնակավայրեր, որ տեխնիկապես անհնար է ապահովել, զուտ դա է պատճառը»,- պատախանեց Տիգրան Մուկուչյանը:

«Եթե տեխնիկական պատճառներով դա անհնար է, չեք կարծո՞ւմ, որ տեղամասերում այլ կերպ «կսվաղվի» այդ բացթողումը»,- հարցրեց Գևորգ Պետրոսյանը, Մուկուչյանն էլ ասաց, որ տեսախցիկներ ունենալը գործիք է վերահսկողության առումով, բայց դա միակ գործիքը չէ, կան վստահված անձինք, որոնք կարող են իրականացել տեսանկարահանում, լուսանկարահանում: