Նոր Զելանդիայում վերջին 6 շաբաթվա ընթացքում առաջին անգամ կորոնավիրուսի նոր դեպքեր չեն գրանցվել
Նոր Զելանդիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսի վարակման նոր դեպքեր չեն հայտնաբերվել, հայտնել է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչը, գրում է The Guardian-ը։
«Այսօր մենք չենք արձանագրել COVID-19 դեպքեր։ Վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը դեռևս 1487 է: Ակնհայտորեն այս թվերը հուսադրող են, բայց դա միայն ժամանակի խնդիր կարող է լինել»,- հայտարարել է առողջապահության ծառայության գլխավոր տնօրեն Էշլի Բլումֆիլդը՝ մարդկանց կոչ անելով չկորցնել զգոնությունը։
Բլումֆիլդը հավելել է, որ վերջին օրվա ընթացքում Նոր Զելանդիայում կորոնավիրուսի ախտորոշում ունեցող ոչ մի հիվանդ չի մահացել: Երկրում մահվան ելքերի ընդհանուր թիվը կազմում է 20, ապաքինվել է 1276 մարդ։
New Zealand Herald թերթը նշում է, որ երկրում առաջին անգամ կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել վեց շաբաթվա ընթացքում:
Ապրիլի վերջին Նոր Զելանդիայի իշխանությունները թուլացրել են կորոնավիրուսի պատճառով երկրում սահմանված սահմանափակումները։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 3 566 330 դեպք, 248 286-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 1 154 072 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 212 երկրում:










