Աֆղանստանի զինվորականները ձերբակալել են «Իսլամական պետություն» խմբավորման հետախուզության պետին
Աֆղանստանի զինվորականները երկրի արևելյան Նանգարհար նահանգում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետախուզական ծառայության պետին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Նանգարհարի նահանգապետի աշխատակազմին:
«ԻՊ հետախուզության պետ Մոգհին Ազգարը, որը հայտնի է նաև Զարիֆ անունով, իր ընկեր Ֆարիդուլլայի հետ ձերբակալվել է աֆղանական ազգային բանակի հատուկ ստորաբաժանման կողմից, Նանգարհար նահանգի Բեհսուդ շրջանում»,-ասված է հայտարարության մեջ:
Աֆղանական բանակն առգրավել է նաև Կալաշնիկովի ինքնաձիգ, 5 բջջային հեռախոս և անձը հաստատող փաստաթղթեր, որոնք պատկանում են Պակիստանի քաղաքացիների:
Աֆղանստանի տարածքում աճել է ԻՊ-ի ազդեցությունը: Պաշտպանության և անվտանգության ազգային ուժերն ամբողջ երկրի տարածքում ահաբեկչության դեմ պայքարի գործողություններ են անցկացնում:










