Հիվանդների օրական թիվը եռակի ավելի է, քան երկու շաբաթ առաջ, բայց իշխանությունը որոշում է հանել կարանտինը. ո՞րն է տրամաբանությունը. Գարիկ Աղաբեկյան (տեսանյութ)
Սկսվում է կորոնավիրուսային հիվանդության երկրորդ ալիքը, և անհասկանալի է՝ եթե հիվանդների թվաքանակն ավելանում է, անցած մեկուկես ամսում կարանտինի իմաստը ո՞րն էր. եթե դեպքերի քանակը ոչ թե նվազում, այլ ավելանում է, մենք ի՞նչ արդյունք ունեցանք: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ նախկին գլխավոր պաթանատոմ Գարիկ Աղաբեկյանը:
«Ես անգամ կարող եմ կասկած ունենալ, որ ճշգրիտ թվերը չեն ներկայացվում, կարող է՝ հիվանդներն ավելի շատ են: Եթե սովորական կյանքի վերադառնանք, բնակչության հիվանդացությունը կբարձրանա: Դա պետք է ճշգրտորեն հաշվարկել: Առաջնահերթն առողջությունն է, ոչ թե տնտեսությունը»,- ասել է բժիշկը:
Ըստ Աղաբեկյանի՝ մենք ուշացումով ենք սկսել համավարակի դեմ պայքարը, այդ պատճառով կարանտինն արդյունավետ չէ. «Վարչապետն ի սկզբանե անլուրջ էր մոտենում այս վիրուսին, բայց նա բժիշկ չէ, կարող էր չհասկանալ վտանգը: Դրա պատասխանատուն առողջապահության նախարարն է, որը հայտարարեց, թե սա հատուկ վտանգավոր վիրուս չէ: Այս հիվանդությունը հումորի ժանրից չէ, այն լուրջ վարակ է»:
Պրոֆեսորի կարծիքով՝ առողջապահության նախարարը դեռևս մարտի սկզբին պետք է վարչապետին հորդորեր դադարեցնել սահմանադրական փոփոխության քարոզարշավը. «Այսօր կոնտակտավորներին մեկուսացնում են, բայց մեր ռեսուրսներն անսպառ չեն, տնտեսությունն էլ թուլանում է: Այսօր օրական հիվանդացությունն ավելի քան հարյուր հոգի է, այն էլ կարանտինի պայմաններում: Մոտ մեկ ամիս առաջ օրական 20-30 դեպք էր, այսօր, փաստորեն, դրա եռապատիկն է»:
Գարիկ Աղաբեկյանի հաշվարկով՝ հարևան Վրաստանը, բաց ճանապարհներ ու տուրիստների առատություն ունենալով, հինգ անգամ զիջում է Հայաստանին և՛ վարակակիրների, և՛ մահերի թվով, և դա այդ երկրի առողջապահական համակարգի կազմակերպումից է գալիս. «Չինաստանում վարակի բռնկումից ի վեր առողջապահության նախարարը պետք է քննարկումներ հրավիրեր և լսեր վարակաբաններին, համաճարակաբաններին, ախտաբաններին, առողջապահության նախկին նախարարներին, հասկանար՝ ինչ պետք է արվի: Համաճարակային իրավիճակն այսօր արդեն անկառավարելի է»:
Բժշկագիտության դոկտորի պնդմամբ՝ պացիենտները մահանում են ոչ թե կորոնավիրուսից, այլ ուղեկցող հիվանդություններից: «Մահվան անմիջական պատճառը սիրտ-թոքային անբավարարությունն է, թոքերի այտուցը, սրտամկանի ինֆարկտը, բայց վիրուսը չի կարող լինել մահվան պատճառ: Կորոնավիրուսով հիվանդանալը բերում է սիրտ-թոքային անբավարարության զարգացման, որը և հանգեցնում է մահվան»,- ասել է Աղաբեկյանը:
Բժշկի պնդմամբ՝ կարող են լինել մահեր, երբ պացիենտը հիվանդ է կորոնավիրուսով, բայց թեստավորված ու բացահայտված չէ, և այդ դեպքում դիակը կարող է վարակել նաև դիահերձող բժշկին:
Դավիթ Սարգսյան










