Դալայ Լաման կոչ է արել միավորվել կորոնավիրուսի աննախադեպ մարտահրավերի դեմ

00:07 • 04.05.20

Դալայ Լաման կոչ է արել «համակարգված, միջազգային արձագանք» տալ կորոնավիրուսի համավարակին:

«Այս լուրջ ճգնաժամի ընթացքում մենք կանգնած ենք մեր առողջությունը կորցնելու վտանգի և մեր հարազատների և ընկերների կորստի տխրության առաջ: Տնտեսության ճեղքումը խոշոր մարտահրավել է կառավարությունների համար և նվազեցնում է բազմաթիվ մարդկանց ապրուստ վաստակելու հնարավորությունը»,- CNN-ի փոխանցմամբ՝ ասել է Տիբեթի հոգևոր առաջնորդը:

Դալայ Լաման կոչ է արել մարդկանց «կենտրոնանալ այն հարցի շուրջ, թե ինչն է մեզ միավորում որպես մեկ մարդկային ընտանիքի անդամների»: 

«Մենք պետք է միմյանց նայենք կարեկցանքով: Որպես մարդկային արարածներ՝ մենք բոլորս նման ենք իրար: Մենք ունենք նույն վախերը, նույն հույսերը, նույն անորոշությունները, ինչպես նաև մեզ բոլորիս միավորում է երջանկության ձգտումը: Պատճառներն ու իրականությունը տեսնելու մեր մարդկային կարողությունը թույլ է տալիս դժվարությունները վերածել հնարավորության»,- ասել է վերջինս՝ հավելելով, որ համավարակն ու դրա հետևանքները նախազգուշացում են մարդկությանը:

Նրա խոսքով՝ միայն «միավորվելով և համաշխարհային պատասխան տալով՝ կհաղթահարենք մեր առաջ ծառացած աննախադեպ հզորության մարտահրավերը»: