Եվրոպացի առաջնորդները մտադիր են կորոնավիրուսի դեմ պայքարի համար 7,5 մլրդ եվրո հավաքել

11:27 • 04.05.20

Եվրոպական առաջնորդները կորոնավիրուսի դեմ պայքարի «միջազգային դաշինքի» շրջանակում խոստացել են միլիարդավոր դոլարներ հավաքել պատվաստանյութն ու հիվանդության բուժման եղանակները գտնելու համար, հայտնում է The Guardian պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ երկուշաբթի տեղի ունենալիք առցանց համաժողովի նպատակն է ընդհանուր 7,5 միլիարդ եվրո հավաքել՝ աջակցելու կորոնավիրուսի համավարակի դեմ համաշխարհային պայքարին։

The Independent հրատարակությունում հրապարակված հոդվածում Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նորվեգիայի և Եվրոպական Միության բարձրաստիճան պաշտոնյաները նկատել են, որ «համաշխարհային այս մարտահրավերին» պատասխան հասցնելու համար անհրաժեշտ է «համախմբել աշխարհի լավագույն և ամենապատրաստված մասնագետներին՝ գտնելու պատվաստանյութեր, բուժման եղանակներ, թերապիաներ, որոնք անհրաժեշտ են աշխարհը կրկին առողջ դարձնելու համար։ Սա կնպասի «առողջապահական համակարգերի ուժեղացմանը, ինչի շնորհիվ բուժական ծառայությունները հասանելի կլինեն բոլորի համար, ուշադրության կենտրոնում կլինի հատկապես Աֆրիկան»։

Քաղաքական գործիչները իրենց աջակցությունն են հայտնել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, ինչպես նաև սատարել են Access to Covid-19 Tools (ACT) Accelerator («Covid-19-ի գործիքների հասանելիության ամրապնդում») ծրագրի ստեղծմանը։