Թրամփը հայտնել է համավարակի սկզբում Չինաստանի թույլ տված «սարսափելի» սխալի մասին (տեսանյութ)

14:22 • 04.05.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Չինաստանը կորոնավիրուսի համավարակի սկզբում «սարսափելի» սխալ է գործել` փորձելով կոծկել համաճարակի առկայությունը. նախագահը նման հայտարարությամբ է հանդես եկել Fox News լրատվականին տված հարցազրույցի ընթացքում, գրում է thesun.co.uk կայքը։

Պետության ղեկավարի խոսքով՝ Չինաստանի իշխանություններն իրենց սխալը չեն ցանկացել ընդունել։ Թրամփն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Պեկինն ԱՄՆ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներին չէր ցանկացել թույլ տալ, որ վերջիններս հետազոտություններ իրականացնեն և պարզեն վարակի ծագման աղբյուրը:

«Նրանք ընդունեցին դա, սակայն միանգամից չէ, այլ շատ ավելի ուշ։ Իմ կարծիքով՝ սխալ են գործել և փորձել են թաքցնել այն, ցանկացել են մարել հրդեհը, սակայն դա նրանց չի հաջողվել»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։

Ամերիկացի ղեկավարն ընդգծել է, որ, իր կարծիքով, Պեկինի ամենավատ որոշումներից է եղել սահմանների միակողմանի փակումը։ Երկիր մուտքն արգելված է եղել, սակայն Չինաստանի քաղաքացիները կարողացել են հատել սահմանները՝ վիրուսը տարածելով ԱՄՆ-ում և այլ պետություններում։

Ավելի վաղ ԱՄՆ ներքին անվտանգության ծառայությունը հրապարակել էր փաստաթղթեր, որոնցում նշվում էր, որ Պեկինը միտումնավոր է համավարակի լրջությունը թաքցրել, որպեսզի հասցնի հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղորայք հավաքել։