Սիրիայի ամենահարուստ մարդն Ասադին մեղադրել է իր բիզնեսները խլելու փորձի համար

12:45 • 04.05.20

Սիրիայի ամենահարուստ մարդը համարվող Ռամի Մախլուֆը, որը երկրի նախագահ Բաշար ալ Ասադի զարմիկն է,  երկրի ղեկավարին հրապարակավ մեղադրել է իր բիզնեսները խլելու փորձի համար:

Ինչպես նշում է The Guardian-ը, Մախլուֆը, որն ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից մեղադրվում է Ասադի ռեժիմի ֆինանսավորման համար, հայտարարել է, որ նախագահն անվտանգության ծառայության ուժերին ուղարկել է իր աշխատողներին ձերբակալելու համար:

Մեծահարուստն այս մասին ասել է ֆեյսբուքյան տեսանյութի միջոցով:

«Նրանք ինձ ասում են, որ թողնեմ ընկերություններն ու կատարեմ նրանց հրամանը, մինչդեռ ես չեմ կարողանում պատասխան տալ: Ճնշումները սկսվել են իմ ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչների ձերբակալմամբ: Ճնշումներն անընդունելի ձևով են սկսվել և անվտանգության ծառայության ուժերն անմարդկայնորեն ձերբակալում են իմ աշխատողներին: Նախագահ Ասադ, անվտանգության ուժերը հարձակվում են մարդկանց ազատության վրա: Նրանք ձեր հավատարիմ աջակիցներն են: Իրավիճակը չափազանց վտանգավոր է»,-ասել է գործարարը:

Աղբյուրը մանրամասնում է, որ գործարարն ունի մոտ տասը միլիարդ դոլար կարողություն և իր կոնգլոմերատային կայսրության միջոցով կառավարում է Սիրիայի տնտեսության 60%-ը: Բացի այդ, նա վերջին երկու տասնամյակի ընթացքում ֆինանսավորում է իշխող ռեժիմը, այդ թվում նաև՝  2012թ. ի վեր շարունակվող պատերազմում:

Մախլուֆը վերահսկում է երկրի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը՝ շինարարությունից մինչև մեքենաների ներկրում, զբոսաշրջություն և հեռահաղորդակցային ոլորտ:

Միլիարդատիրոջ խոսքով՝ իշխանություններն իրենից պահանջել են 224 մլն դոլար հարկ վճարել: Նա մանրամասնել է, որ պատրաստ է դա անել, սակայն միայն ժամանակի ընթացքում: Ըստ Մախլուֆի՝ Ասադն իրեն մեղադրել է հարկերի վճարումից միտումնավոր խուսափելու համար:

Պարբերականը նկատում է, որ զարմիկների միջև վեճի հանրայնացումը տհաճ անակնկալ էր թե՛ Դամասկոսի, թե՛ սիրիական սփյուռքի համար, քանի որ Սիրիայում նման բաները, որպես կանոն, գաղտնի են պահվել: