Յուլյա Տիմոշենկոն 2011-2014 թվականներին քաղաքական ճնշումների ենթարկվելու համար որպես փոխհատուցում 150 միլիոն գրիվնա է ստացել
Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն քաղաքական ճնշումների ենթարկվելու համար որպես փոխհատուցում գրեթե 150 միլիոն գրիվնա է ստացել, հայտնում է korrespondent.net կայքը՝ հղում տալով քաղաքական գործչի համապատասխան եկամտի մասին հայտարարագրին, որը հրապարակվել է Կոռուպցիայի կանխարգելման հարցերով ազգային գործակալության կայքում։
Հայտարարագրում Տիմոշենկոն նշում է, որ 2011-2014 թվականներին քաղաքական ճնշումների ենթարկվելու համար որպես փոխհատուցում 148 345 441 գրիվնա է ստացել (մոտ 5,5 մլն դոլար)։ Գումարը քաղաքական գործչին տրամադրվել է այս տարվա ապրիլի 24-ին, ԱՄՆ-ում նախադատական կարգավորման փուլում, ամերիկյան Reid, Collins, Tsai LLP ընկերության միջոցով։
Հիշեցնենք, որ 2013 թվականի ապրիլին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի կալանքն անօրինական էր ճանաչել։
2011 թվականի հոկտեմբերի 11-ին Յուլյա Տիմոշենկոն Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ 2009 թվականին Ռուսաստանի Դաշնության հետ գազային պայմանագրեր կնքելիս իշխանության և պաշտոնական լիազորությունների չարաշահման համար:










