Առաջիկայում ոստիկանական համակարգում սպասվում են արմատական փոփոխություններ. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)

16:55 • 05.05.20

Հեղափոխությունից հետո մեր քաղաքացիների մոտ, վստահաբար, վերափոխման է ենթարկվել ոստիկանի կերպարի մասին պատկերացումները:

Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

«Եթե նախկինում ՀՀ քաղաքացուն և ոստիկանին բաժանում էին փշալարերը, այսօր նրանց միավորում է հոգատարությունը և ժողովրդավար պետություն ունենալու նույն երազանքը»,-ասաց նա և նշեց, որ այդ ավելի նկատելի էր համավարակի այս օրերին:

«Առաջիկայում ոստիկանական համակարգում սպասվում են արմատական փոփոխություններ, բարեփոխումներ, որոնք էլ ավելի կամրացնեն ոստիկան-քաղաքացի կապը՝ այդպիսով ստեղծելով մեր քաղաքացիների ներքին անվտանգության ավելի կայուն և արդյունավետ երաշխիքներ: Այսօր էլ պետք է արձանագրենք, որ ոստիկանական համակարգում հայտնվելու կամ ծառայողական առաջխաղացման միակ երաշխիքը՝ հայրենասիրությունը, կրթությունը և նվիրվածությունն է, և ոչ թե՝ ծանոթը, փողը»,-ասաց նա: