ԱՀԿ-ն ԱՄՆ-ի՝ կորոնավիրուսի չինական ծագման մասին հայտարարությունները «սպեկուլյատիվ» է որակել

10:30 • 05.05.20

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ չունի ոչ մի ապացույց, որը  կհաստատի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաների «սպեկուլյատիվ» հայտարարությաններն առ այն, որ նոր տեսակի կորոնավիրուսը ծագել է չինական Ուհան քաղաքի լաբորատորիայում, գրում է The Guardian-ը։

«Որպես փաստերի վրա հիմնվող կազմակերպություն՝ մենք շատ ուրախ կլինեինք ստանալ վիրուսի ծագման հետ կապված ցանկացած տեղեկություն»,- ասել է ԱՀԿ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը։

«Եթե այդ տվյալներն ու ապացույցներն իսկապես հասանելի են, ապա Միացյալ Նահանգների կառավարության խնդիրն է որոշել՝ դրանք հաղորդել, թե՝ ոչ։ ԱՀԿ-ին դժվար է գործել տեղեկատվական վակուումում»,- ասել է նա՝ հավելելով․ «Այնպես որ, ԱՀԿ-ի տեսանկյունից այդ հայտարարությունները մնում են սպեկուլյատիվ»։

ԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ ԱՀԿ-ի համար կարևոր է աշխատել չինացի գիտնականների հետ՝ հիմնվել նրանց տվյալների վրա և  «միասին պատասխաններ գտնելու» համար կիսվել գիտելիքներով, սակայն նա զգուշացրել է զերծ մնալ այս հարցի քաղաքականացումից:

«Եթե դա ընկալվում է որպես իրավախախտումների ագրեսիվ հետաքննություն, ապա դրա հետ գործ ունենալը շատ ավելի բարդ է։ Դա քաղաքական հարց է»,- հայտնել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ «ահռելի ապացույցներ» կան առ այն, որ կորոնավիրուսի բռնկումը ծագել է չինական լաբորատորիայում։

Global Times-ն ավելի ուշ իր հոդվածում Պոմպեոյին և Թրամփին մեղադրել է «բլեֆի» համար՝ ընդգծելով, որ եթե ԱՄՆ-ն ապացույցներ ունի, ապա դրանք պետք է ներկայացվեն համապատասխան մարմիններին։

«Եթե Վաշինգտոնն ունի ծանրակշիռ ապացույցներ, ապա պետք է թույլ տա հետազոտական ինստիտուտներին և գիտնականներին ուսումնասիրել և ստուգել դրանք»,- ասված է խմբագրական հոդվածում:

Global Times թերթի խմբագիր Հու Սիցինն իր թվիթերյան էջում գրել է, որ Ուհանի լաբորատորիայում հետաքննություն անցկացնելու պահանջները «ամերիկյան ժողովրդին հիմարեցնելու» փորձ են: