Հնդկաստանում ալկոհոլի գնման համար 70 տոկոս հարկ է սահմանվել՝ խանութներում մարդկանց կուտակումներից խուսափելու համար
Հնդկաստանի Դելիի ազգային մայրաքաղաքային շրջանում պաշտոնյաներն ալկոհոլի մանրածախ գնումների համար հատուկ 70 տոկոս հարկ են սահմանել կորոնավիրուսի հետևանքով սահմանված կարանտինային ռեժիմի թուլացման պայմաններում մարդկանց կուտակումներից խուսափելու համար, հայտնում է The Guardian պարբերականը։
Ալկոհոլային հարկը Հնդկաստանի 36 նահանգից և դաշնային տարածքներից շատերի եկամտի հիմնական աղբյուրն է, որն էականորեն կրճատվել է համավարակի հետևանքով տնտեսական գործունեության խափանումից հետո։
Աղբյուրը մանրամասնում է, որ երկուշաբթի ոստիկանությունը սահմանափակումների ռեժիմի թուլացումից հետո իրենց աշխատանքը վերսկսած խմիչքների խանութների մոտ կուտակված հարյուրավոր մարդկանց մահակներով է ցրել։
Դելիի իշխանությունները երկուշաբթի երեկոյան հատուկ «կորոնավճարի» սահմանման մասին հայտարարություն են արել։
«Ցավալի է, Դելիի խանութներում նման քաոսի ենք ականատես եղել»,- նկատել է Դելիի շրջանի գլխավոր նախարար Արվինդ Քեյջրիվալը և հավելել. «Եթե տեղեկանանք, որ որևէ տարածքում սոցիալական հեռավորությունը պահելու համար բռնության դեպքեր են լինում, ապա ստիպված կլինենք այդ վայրերում կրկին սահմանափակումներ մտցնել»։
Նշվում է, որ հնդկական այլ նահանգներում ալկոհոլ գնելու նպատակով մեծ հերթեր գոյացրած քաղաքացիների համար նույնպես բարձր գներ կսահմանվեն:










