«Սա նվիրվածության և կարգապահության արդյունք է»․ Նոր Զելանդիայի վարչապետը կորոնավիրուսի հաղթահարման գործում առաջընթացի համար գովել է համերկրացիներին
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտնել է, որ նորզելանդացիները կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված կարանտինային ռեժիմում իրենց լավագույն կերպով են դրսևորել, ինչի արդյունքում էլ երկրորդ օրն անընդմեջ երկրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր չեն գրանցվել, հայտնում է Daily Mail պարբերականը։
Երկրի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վարակման «հաստատված և հավանական» դեպքերի թիվը մնացել է 1487։ Մահվան ելքով դեպքերի թիվը նույնպես մնացել է անփոփոխ՝ 20: Ներկայում միայն 4 մարդ է գտնվում հիվանդանոցում, սակայն նրանցից որևէ մեկը ինտենսիվ բուժման կուրս չի ստանում։
«Երկու օր շարունակ վարակման նոր դեպքեր չունենալը նորզելանդացիների՝ մեր ընդհանուր նպատակին ցուցաբերած նվիրվածության և կարգապահության արդյունքն է: Հասկանում ենք, որ վիրուսը դեռ երկար կարող է շարունակվել, և վարակման այլ դեպքեր կարող են լինել, այդ պատճառով էլ այնպիսի բան չանեք, որը կարող է այս պահի մեր հաղթանակին խանգարել»,- նշել է վարչապետը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Արդերնը երեքշաբթի ավստրալացի առաջնորդների հետ կիսվել է վիրուսի տարածման դեմ պայքարի իրենց փորձով, ինչպես նաև քննարկել երկու երկրների միջև հաղորդակցության վերականգնման հարցը։










