Ռուսաստանում 3-րդ օրն անընդմեջ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 10 000 դեպք
Ռուսաստանում երրորդ օրն անընդմեջ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 10 000 դեպք․ համավարակի սկզբից երկրում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 155 370-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։
Անցյալ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10 102, մահվան՝ 95 նոր դեպք։ Համավարակի սկզբից մահվան ելքով դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1451-ի, ապաքինվել է 19 865 մարդ։
Վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են մայրաքաղաք Մոսկվայում՝ 5714, այնուհետև Մոսկվայի մարզում ՝ 822, Սանկտ Պետերբուրգում՝ 226, Նիժնի Նովգորոդի մարզում՝ 174։ Աղբյուրը մանրամասնում է, որ նոր վարակակիրներից 4961-ի մոտ (49,1 տոկոս) հիվանդության կլինիկական ախտանշաններ չկան։
Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 3 659 623 միլիոն մարդ, որից 252 583-ը մահացել է: Վարակակիրների և մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ն առաջին տեղում է, այնուհետև հաջորդում են Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը, Թուրքիան։










