Էրդողանը հայտարարել է Թուրքիայում կարանտինային ռեժիմի մեղմման մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում կարանտինային ռեժիմի մեղմման մասին: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայում կարանտինային ռեժիմը կթուլանա աստիճանաբար:
Էրդողանի խոսքով՝ մայիսի 11-ից Թուրքիայում կբացվեն գեղեցկության սրահներն ու առևտրի կենտրոնները, իսկ մայիսի 10-ից 65 տարեկանից բարձր քաղաքացիներին թույլ կտրվի տնից դուրս գալ 4 ժամով:
Բացի այդ, կարանտինային ռեժիմը կմեղմվի նաև մինչև 20 տարեկան քաղաքացիների համար, որոնց արգելվել է դուրս գալ տնից: Մայիսի 13-ից նրանք կկարողանան դուրս գալ տնից տեղի ժամանակով 11:00-15:00-ն:
Էրդողանը նշել է նաև, որ ելումուտի արգելք ունեցող 31 նահանգների թիվը կկրճատվի 7-ով, առաջին փուլում այդ արգելքը կչեղարկվի Անթալիայի, Այդընի, Էրզրումի, Հաթայի, Մալաթիայի, Մերսինի և Մուղլայի համար: Մյուս 24 նահանգների սահմանափակումները կհանվեն փուլ առ փուլ:
Թուրք առաջնորդի խոսքով՝ այս տարի համավարակի հետ կապված կդյուրացվի քննական գործընթացը, մասնավորապես ընդունելության քննությունները, կերկարաձգվեն քննությունների անցկացման ժամկետները, կիջեցվի միավորների անցողիկ շեմը:
«Երկրում կորոնավիրուսից բուժվածների թիվն ավելանում է երկրաչափական պրոգրեսիայով: Մեր երկիրը, ինչպես աշխարհի բոլոր երկրները, համավարակի դեմ պայքարում հասել է ճակատագրական պահի: Իհարկե, մենք աստիճանաբար կվերադառնանք նորմալ կյանքի, սակայն համավարակից հետո մեր երկրում, ինչպես և ամբողջ աշխարհում, ոչինչ այլևս այնպես չի լինի, ինչպես սովոր էինք տեսնել»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 127 659 դեպք, մահվան դեպքերի թիվը 3461 է:










