Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները հաղթահարել են կորոնավիրուսի պիկը և աստիճանաբար վերադառնում են բնականոն կյանքի․ The Guardian
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները, կարծես թե, հաղթահարել են կորոնավիրուսի պիկը․ երկրները հայտարարել են աշխատատեղերը վերաբացելու ծրագրերի մասին, գրում է The Guardian-ը։
Հոնկոնգը, Հարավային Կորեան և Ավստրալիան իրենց բնակիչներին խոստացել են առաջիկա օրերին վերաբացել աշխատատեղերը, քանի որ այս երկրներում Covid-19-ի վարակման դեպքերի մակարդակն աստիճանաբար նվազում է:
Երեքշաբթի Հոնկոնգի ղեկավար Քերի Լամը հայտարարել է ուրբաթ օրվանից դպրոցները, կինոթատրոնները, բարերն ու գեղեցկության սրահները վերաբացելու ծրագրերի մասին: Իշխանությունները մտադիր են բազմակի օգտագործման նոր դիմակներ բաժանել երկրի բոլոր 7,5 միլիոն բնակիչներին: Հոնկոնգում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1041 և մահվան 4 դեպք։
Հարավային Կորեայի կառավարությունը մեղմացրել է սոցիալական հեռավորության կանոնները․ աշակերտները դպրոց կվերադառնան երկուշաբթի օրվանից: Արդեն ավելի քան երկու շաբաթ է՝ Հարավային Կորեայում մեկ օրում գրանցվում է մոտ 10 նոր դեպք, ապրիլի 30-ին այդ թիվը երկրի ներսում իջել է մինչև զրո:
Թաիլանդը, որտեղ գրանցվել է հիվանդության 2987 և մահվան 54 դեպք, սկսել է մեղմել կորոնավիրուսի ֆոնին հայտարարված տեղաշարժի սահմանափակումները՝ թույլ տալով երկուշաբթի օրվանից վերսկսել ռեստորանների, վարսավիրանոցների և բաց շուկաների գործունեությունը՝ սոցիալական հեռավորության պահպանման և ջերմաստիճանային ստուգումների անցկացման պայմանով:
Հարևան Վիետնամում, որտեղ հիվանդության 271 և մահվան ոչ մի դեպք չի արձանագրվել, կյանքը նույնպես աստիճանաբար վերադառնում է իր բնականոն հունին, սակայն տնտեսությունը, որը մեծապես կախված է զբոսաշրջությունից, կանգնած է հսկայական մարտահրավերների առջև:
Ավստրալիայի կառավարությունը չորեքշաբթի հայտարարել է, որ հուլիսին փակված ձեռնարկությունները վերաբացելու ուղիներ է փնտրում, քանի որ կորոնավիրուսի բռնկումը զսպելու հարցում իր արձանագրած հաջողությունը թույլ է տալիս կենտրոնանալ միլիոնավոր աշխատատեղերի վերականգնման փորձի վրա:










