Քանի դեռ բազմամարդ միջոցառումների, հանրահավաքների անցկացման հետ կապված վտանգ կա, սահմանադրական հանրաքվե տեղի չի ունենա․ Լիլիթ Մակունց

16:17 • 06.05.20

Կուսակցությունում, «Իմ քայլը» խմբակցությունում պարբերաբար քննարկվում են կարգապահական տարբեր բնույթի հարցեր։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով խմբակցության պատգամավորներ Վարդան Աթաբեկյանի և Աննա Կարապետյանի մանդատները վայր դնելու վերաբերյալ հարցին։

«Թե այդ հարցերն այս փուլում ինչին են առնչվում, թույլ տվեք դրանք չհրապարակել, որովհետև դրանք ներքին հարցեր են։ Չեմ հրապարակի կարգապահական բնույթի տեսակի վերաբերյալ տեղեկատվություն։ Նաև որևէ անուն չեմ հնչեցնում, չեմ հաստատում և չեմ հերքում որևէ բան»,- ասաց Լիլիթ Մակունցը։

Ըստ նրա՝ տարբեր բնույթի, այդ թվում կարգապահական հարցեր քննարկելը որևէ խնդիրների մասին չի խոսում, հակառակը՝ դա վկայում է, որ խմբակցությունն աչալուրջ հետևում է բոլոր տեսակի հարցերին և դրանց արագ լուծում է տալիս։

Հարցին, թե խմբակցությունն իրավասո՞ւ է պատգամավորներից մեկի մանդատը վայր դնելու վերաբերյալ որոշում կայացնել, Լիլիթ Մակունցը պատասխանեց․ «Ձեր հարցն իմ ասածին չի առնչվում, հետևաբար կարիք չեմ տեսնում դրան արձագանքելու»։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր․ «Բացառված է՝ մանդատը վայր դնեմ։ Կարող են քննարկումներ լինել, բայց խմբակցությունը չի կարող որոշում ընդունել, որ մանդատը վայր դնեմ, դա կլինի հակասահմանադրական»,- ասել էր Վարդան Աթաբեկյանը։

Լիլիթ Մակունցը նաև տեղեկացրեց, որ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը իր դիմումի համաձայն է ազատվել պաշտոնից, իսկ ՊՎԾ նախկին պետ Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնում նշանակելը, նրա խոսքով, քաղաքական որոշում էր։

Ինչ վերաբերում է սահմանադրական հանրաքվեի անցկացման ժամկետներին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշեց․ «Մեզ մոտ քննարկումներ տեղի են ունենում հետագա գործողությունների առնչությամբ։ Հասկանալի է, որ կան սահմանափակումներ կորոնավիրուսով պայմանավորված, և քանի դեռ վտանգ է ներկայացնում իրենից բազմամարդ միջոցառումներ անցկացնելը, այդ թվում հանրահավաքը, բնականաբար, դա տեղի չի ունենա։ Երբ մենք վերջնական որոշում կունենանք հետագա գործողությունների առնչությամբ, անպայման հրապարակային կտեղեկացնենք։ Այս պահին դեռ վերջնական որոշում չունենք»։