Մեզ դռան մոտ թույլ չէին տալիս առանց դիմակ ու ձեռնոց ներս գալ. եթե հիվանդ մարդ կա, իմանանք, բոլորս գնանք, թեստ հանձնենք. Էդմոն Մարուքյանը՝ Արարատ Միրզոյանին (տեսանյութ)
Ես ուզում եմ հասկանալ խստացումների պատճառը ո՞րն է, որ մուտքի մոտ պետք է դիմակ և ձեռնոց ստանանք: Այս մասին այսօր Ազգային ժողովում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Եթե մարդ կա հիվանդ, ասենք, թող չգան, իմանանք՝ ինչ ենք անում, կամ բոլորս գնանք, թեստ հանձնենք: Անհասկանալի վիճակ է»,-ասաց պատգամավորը:
Արարատ Միրզոյանն էլ ի պատասխան հարցին՝ նշեց. «Աշխարհում կա մի նոր համաճարակ՝ կորոնավիրուսով պայմանավորված, և այնպես է ստացվել, որ ասում են, որ ձեռնոցները և դիմակները հավանականության որոշակի տոկոսով կարող են կանխել վարակի տարածումը: Հիմա ոչ մեկին ոչինչ չի պարտադրվում, դահլիճի մոտ առաջարկվում է կրել դիմակ և ձեռնոց, որը կարող եք չկրել»,-ասաց նա:
ԱԺ նախագահը նշեց, որ կա հիմնավոր կասկած, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կոնտակտավոր անձ է և քանի դեռ հանգամանքները չեն պարզվել, մի քիչ ավելի խստացված կերպով ենք կիրառում կանխարգելիչ աշխատանքները: «Ես վաղուց արդեն ասել եմ, որ բոլոր այն պատգամավորները, որոնք մտահոգություն կունենան և կնախընտրեն չմասնակցել նիստերի, պատգամավորների բացակայությունը կհամարվի հարգելի»,-ասաց նա և ավելացրեց, որ այս վիճակը կարող է երկար տևել և իրենք չեն պառալիզացնելու երկրի օրենսդիր մարմնի գործունեությունը:
Էդմոն Մարուքյանը արձագանքեց, որ լուրջ հարց է տալիս, իսկ ԱԺ նախագահը կատակ է անում: «Մեզ դռան մոտ թույլ չէին տալիս առանց դրա ներս գալ, կորոնավիրուսի մասին բոլորս գիտենք»,-ասաց նա:
«Ես լուրջ էի պատասխանում, ձեզ ոչ մեկ չի կարող պարտադրել ձեռնոց կրել, կամ ինչպես ոչ մեկ չի կարող պարտադրել ճանապարհ անցնել կանաչ լույսով, յուրաքանչյուրը ինքն է որոշում»,-հավելեց Արարատ Միրզոյանը:










