Այդ գումարները պետք մինչև վերջին կոպեկը վերադարձվեն. նախատեսված էին ուրիշ կատեգորյաի մարդկանց համար. վարչապետը՝ 9-րդ ծրագրով աջակցություն ստացած ԱԻՆ, ՊՆ, Ոստիկանության աշխատակիցներին (տեսանյութ)
Այդ գումարները պետք է վերադարձվեն, որովհետև նախատեսված էին բոլորովին ուրիշ կատեգորյաի մարդկանց համար: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի՝ Կառավարության աջակցության 9-րդ ծրագրին առնչվող հարցին:
Պատգամավորը նշեց, թե այդ ծրագրով աջակցություն են ստացել անձինք, որոնք աշխատում են ԱԻՆ-ում, ՊՆ-ում, Ոստիկանությունում, իսկ այժմ գրություններ են ստանում, որ այդ գումարները պետք է վերադարձվեն:
«Այն, որ ծառայության որոշ տեսակներ կան, որոնք գաղտնի են և արձանագրված չեն ընդհանուր բազաներում, սողանք է դարձել ցավոք սրտի, որ սոցիալապես անապահով խավի համար նախատեսված միջոցները գնացել են ոչ այդ խավի համար նախատեսված ուղղությամբ: Այդ գումարները պետք է վերադարձվեն, և ավելին՝ պետք է ծառայողական քննություններ նշանակվեն, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե շատ վատ երևույթ է, որ այսօրվա Հայաստանում, այս ճգնաժամային պայմաններում քաղաքացիներն առաջնորդվում են այդ տրամաբանությամբ:
«Մեկը բանկում 50 միլիոն ավանդ ունի, գալիս է միջոցառումից գումար է տանում, երրորդի աշխատավարձը առաջնային կարգով բարձրացրել ենք և ծառայության պայմանները բարելավել ենք, գալիս է գումար է տանում: Սա է խնդիրը: Դուք պետք է հարցնեիք՝ երբ եք օր առաջ այդ գումարները վերադարձնելու և ճիշտ նպատակին ծառայեցնելու: Եվ շատ վատ երևույթ է, որ հիմա կողքին կասեն՝ ոչինչ, տարել, տարել է. ոչ, ոչինչ չէ, մինչև վերջին կոպեկը պետք է վերադարձվի: Շատ ցավալի է, որ իրավապահ մարմիններում աշխատող մարդիկ, ում կոչումն է ապօրինությունների դեմ պայքարել, գումար են տանում, ես դատապարտում եմ այդ երևույթը, ամաչում եմ այդպես վարված մարդկանց համար, որ իմանալով, որ այդ գումարը իրենց համար նախատեսված չէ, ստացել են»,-ասաց վարչապետը, ապա, դիմելով այդ աջակցությունն ստացած քաղաքացիներին՝ հավելեց. «Ծախսե՞լ եք, ձեր բարձրացված աշխատավարձից կբերեք հետ կտաք»:










