ՀՀ-ում չկա որևէ քաղաքական, կրիմինալ, մաֆիոզ ուժ, որը ի վիճակի լինի խաթարել ՀՀ ժողովրդավարական կայունությունը. վարչապետ
Պատիվ ունեմ արձանագրել, որ ՀՀ-ում 2018 թ․ մայիսից ի վեր հաստատված է ժողովրդավարական կայունություն և Հայաստանի Հանրապետությունը կայուն ժողովրդավարական պետություն է: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ Հայաստանում շատ երկար տարիներ հաստատված է եղել ավտորիտար կայունություն, և ավտորիտար կայունության ֆոնին ժողովրդավարական կայունությունը երբեմն կարող է թողնել անկայունության տպավորություն։ «Բայց ես ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդավարական կայունություն, հաստատված է ժողովրդական և ժողովրդավարական իշխանություն, և ՀՀ ժողովրդավարական կայունությանը ոչինչ չի սպառնում։ Պատիվ ունեմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ քաղաքական, կրիմինալ, մաֆիոզ ուժ, որը ի վիճակի լինի խաթարել ՀՀ ժողովրդավարական կայունությունը, որը ի վիճակի լինի Հայաստանում կասկածի տակ դնել 2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխությունը»,- ասաց նա:
Անդրադառնալով դատական համակարգին, վարչապետն ասաց, որ 2019 թ․ ՀՀ-ում չենք կարողացել լուծել անկախ, վստահելի դատակական համակարգ ունենալու հարցը։
«Մենք ուզում ենք, որ ՀՀ-ում լինի անկախ, օրինական ու վստահելի դատական համակարգ։ Ուզում եմ, որ սա շատ հստակ լինի բոլորիս համար, որ ոչ թե ուզում ենք իշխանության, հեղափոխության կամ նույնիսկ ժողովրդի համար վերահսկելի դատական համակագ, այլ ուզում ենք անկախ դատական համակարգ: Այս իշխանություններին պետք չէ կառավարելի դատական համակարգ, որ ընդամենը հին խամաճիկային դատարանի փոխարեն կլինի նոր խամաճիկային համակարգ։ Եթե սա ցանկանայինք, ապա վաղուց լուծած կլինեինք, ընդ որում՝ դրա համար 1-2 զանգը բավական կլիներ»,-ասաց նա և նշեց, որ անկախ դատական համակարգն այսօր մեր տնտեսական ու քաղաքական հետագա զարգացման կարևորագույն գրավական է:
Վարչապետը ՀՀ-ի 2019 թ․ ամենամեծ ձախողումը համարեց այն, որ ժողովրդից գողացված փողերի վերադարձի գործընթացը ոչ լիարժեք է:
«Թեպետ վիճակագրորեն պատկերը վատ չէ, օրինակ՝ ՀՔԾ-ն պետական բյուջե է վերադարձրել 7 անգամ ավելի շատ գումար, քան իր գոյության ողջ պատմության ընթացքում։
Միևնույն է, համարում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարում ունենք անհաջողություններ, ինչն էլ մի քանի շերտ ունի»,- ասաց նա և վստահեցրեց, որ կոռուպցիան բացահայտվելու է, և ժողովրդի գողացվածը վերադարձվելու է:










