Ոստիկանության բաժնի պետը թաղի հանցագործների հետ պայմանավորվում է, որ նրանք գնան գողություն անեն, իրենք բացահայտեն և պարգևավճար ստանան. վարչապետ

13:56 • 06.05.20

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն այսօր Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրեց հանցագորոծությունների թվին, որն աճել է 21 տոկոսով կամ 42 հազար դեպքով:

«Ուզում եմ հասկանալ՝ այս աճն ինչով է պայմանավորված, գուցե քաղաքացիները սխալ են հասկացել ժողովրդավարության ընկալումը, այլ մոտեցում են ցուցաբերում»,-հարցրեց նա:

Վարչապետը պատասխանեց, որ այս դեպքում կառավարության ստեղծած հնարավորությունը ոմանց կողմից չարաշահվում է: Նա հիշեցրեց, որ ոստիկանության համար պարգևավճարների համակարգ են ներդրել հանցագործությունների բացահայտման համար: «Վերջերս պարզվեց մի դեպք, որ ոստիկանության բաժնի պետը և անձնակազմի որոշ ներկայացուցիչներ թաղի հանցագործների հետ պայմանավորվում են, որ նրանք գնան գողություն անեն, իրենք բացահայտեն և պարգևավճար ստանան»,-ասաց նա:

Նա նաև նշեց, որ կալանավորված անձանց թվով Հայաստանը եղել է մտահոգիչ, իսկ այսօր այդ խնդիրը լուծվել է: Նա նաև նշեց, որ գողության համար ներգրավված անձիք կան, որոնք նախաքննության ժամանակ նոր գողություն են անում:

«Եվ երրորդ կողմն էլ կա, էդտեղ մի քիչ ձեր բոստանն էլ քար գցեմ, երբ հեղափոխական կառավարության նկատմամաբ ձեր կուսակցության կողմից քաղաքական ճնշում էր գործադրվում համաներման համար, դա դրա արդյունքներից մեկն է: Ճիշտ է, ես էլ եմ բանտից համաներումով դուրս եկել, բայց ընդհանուր առմամբ համաներումը համարում եմ շատ վատ գործիք, քանի որ համաներմամբ ազատվածների 60-70 տոկոսը նոր հանցանք կատարելու մեջ է բռնվում»,-ասաց նա և նշեց, որ կիսում է պատգամավորի մտահոգությունը, բայց պատճառների որոշակի համախումբ կա:

«Ոստիկանության և իրավապահ համակարգի էֆեկտիվության խնդիրը ևս կա, որը առանձին քննարկման թեմա է»,-ասաց նա և անդրադառնալով օրենքով գողերին, նշեց, որ իրենց աշխատանքը պրոֆեսիոնալ հանցագործություններ կազմակերպելն է: «Քրեական ենթամշակույթի հաղթահարումը շատ կարևոր է»,-ասաց նա: