Համընդհանուր հայտարարագրումն իմ կարծիքով պետք է պարտադիր անենք. վարչապետ

16:49 • 06.05.20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ կորոնավիրուսի ճգնաժամը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ կա համընդհանուր հայտարարագրման մեխանիզմի անհրաժեշտություն: Այս մասին այսօր Ազգային  ժողովում ասաց Նիկոլ Փաշինյանն ասաց՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հարցին՝ կապված հայտարարգրումների հետ:

«Համընդհանուր հայտարարագրումն իմ կարծիքով պետք է պարտադիր անենք: Եվ հիմա առավել ևս դրանում համոզված եմ: Անցյալ տարի, երբ սրա մասին հայտարարում էինք, աղմուկ էր բարձրանում: Հիմա չենք կարողանում գտնել այն բաժանորդին, որը մեր օգնության կարիքը ունի: Եթե ունենայինք համընդհանուր հայտարարագրման համակարգ, կտեսնեինք, թե ովքեր են այն քաղաքացիները, որոնց եկամուտը ամսական մինչև 50 հազար է, 100 հազար է, 1 մլն և ավելի է: Եվ այդ մի գործիքի կիրառմամբ՝ հիմա ես ստիպված չէի լինի ասել՝ 20 հազար դրամ ավել գումար ենք փոխանցել, հանեք, տվեք ձեր կարիքավոր հարևանին»,-ասաց Փաշինյան:

Վարչապետը նկատեց, որ եթե համընդհանուր հայտարարգում լիներ, Կառավարությունն իր որոշմամբ հասցեական 100 տոկոսով կփոխանցեր գումարները: Նա նշեց, որ դա կօգնի նաւ հասցեական աջակցություն տրամադրելուն, և կարող է պարզվել, որ սոցիալական աջակցության ծրագրերից օգտվել են մարդիկ, որոնք դրա կարիքը չունեին:

«Մանիպուլյատիվ գործողություն են արել, որ 20 հազար դրամ ավել ստանան, չնայած  բանկում ունեն խոշոր ավանդ: Մենք դեմ չենք, որ այդ 20 հազար դրամը որևէ մեկին տանք, բայց եթե դրա կարիքը չունեցողը դա ստացել է, դա նշանակում է, որ կարիքն ունեցողը 20 հազար դրամ պակաս է ստացել: Եվ հետևաբար ճգնաժամը ցույց տվեց, որ համընդհանուր հայտարագրման մեխանիզմը պարտադիր պետք է կիրառվի»,-ասաց նա: