Ոստիկանության սպային ծառայությունից ազատել են ֆեյսբուքում Նարեկ Մալյանի ծնունդը շնորհավորելու համար. ֆեյսբուքյան օգտատերերի՝ թեմային առնչվող գրառումները

20:25 • 06.05.20

Ոստիկանության սպա Ալբերտ Ունուսյանին ազատել են ծառայությունից՝ «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար, ոստիկանության պետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանին ծննդյան առթիվ ֆեյսբուքով շնորհավորանքի համար։

Համացանցում ֆեյսբուքի տարբեր օգտատերեր քննադատում են շնորահավորանքի համար ոստիկանության սպային համակարգից հեռացնելու իրողությունը։

«ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյան․ «Ծիծաղելի է, երբ ոստիկանության սպային համակարգից հեռացնում են գրքիս շնորհանդեսի լուսանկարով այս շնորհավորանքի պատճառով:

Տեղեկացնեմ, որ խոսքը գնում է այն ոստիկանի մասին` ով այս օրերին բարեխիղճ և պատրաստակամ ծառայում էր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Այդ ծառայության արդյունքում Ունուսյանի մոտ կորոնավիրուս էին կասկածել: Մեկուսացրել էին Ալբերտին, նրա հղի կնոջը տեղափոխել էին հիվանդանոց: Մեկուսացումից դուրս եկավ ու նորից վազեց ծառայության Նորքի ինֆեկցիոն:

Հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանի կապրիզով աշխատանքից հեռացրել են սպայի, որն օրերի հաշվարկով սպասում է իր առաջին զավակի ծնունդին:

Ի դեպ, եթե շնորհավորանքի համար սկսել եք ոստիկաններին հեռացնել, ասեմ, որ պետք է հեռացնեք համակարգի մոտ 70 տոկոսին: Ինձ շնորհավորել են բարձրաստիճան ոստիկաններ շտաբից, արարողակարգից, աշխատակազմից, քրեականից, ՊՊԳՎ-ից, անձնագրայինից ու բոլորը շնորհավորողները նույն հարցն էին տալիս.

«Ե՞րբ ենք պետությունը քանդող, համակարգը ոչնչացնող էս անմեղսունակներին դատելու»:
Պատասխանում եմ` շուտով տղերք, քիչ մնաց դիմացեք:

Ալբերտ Ունուսյանի հայրը ոստիկանության սպա էր, ինքը շարունակեց հոր գործը: նրա շուտով լույս աշխարհ եկող որդին կշարունակի իրենց տան տղամարդկանց գործը, որովհետև էդ բոլոր տղամարդիկ ունեն մի բան, որ էս յուբկով թրաշամանուկները չունեն:
Պատիվ ունեն»։

Իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյան․ «Օրերս ՀՀ ոստիկանության պետը ծառայությունից ազատել է ոստիկանության սպա Ալբերտ Ունուսյանին՝ նրա պնդմամբ, քաղաքական իշխանության ընդդիմախոսներից մեկի ծնունդը շնորհավորելու համար։

Քաղաքական խտրականության ակնհայտ դրսևորումները ՀՀ աշխատանքային իրավունքում, ցավոք, դարձել են սովորական երևույթ։

Ավագ լեյտենանտ Ունուսյանի դեպքն ունի նաև բարոյական բաղադրիչ. նրան աշխատանքից զրկել են այն ժամանակ, երբ նրա ընտանիքն օր-օրի սպասում է առաջնեկի ծննդյանը»։

Փաստաբան Տիգրան Աթանեսյան․ «ՀՀ գործող ոստիկանապետը ժամանակին պետք է որ երազած լինի, օրինակ, 2011-2018թթ. հնարավորություն ունենար որևէ եղանակով շնորհավորեր համակարգի ղեկավարի կամ ղեկավարներից մեկի կամ ղեկավարի խորհրդականի ծննդյան կապակցությամբ: Հիմա աշխատանքից հեռացնում է երիտասարդ սպայի՝ Նարեկ Մալյանի ծնունդը ֆեյսբուքում շնորհավորելու համար: Ոչ ոք հավերժ չէ, մանավանդ պաշտոնը...»։