Ծննդաբերությունը բարդ էր, վաղաժամ. Այնթապում շտապօգնության բրիգադը երեխայի ծնունդ է ընդունել կանչի վայրում

00:58 • 06.05.20

Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը մայիսի 5–ին ընդունել է երեխայի ծնունդ արտակարգ պայմաններում, ինչի վերաբերյալ ավելի ուշ գրառում է արվել բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջում:

«05.05.2020 լուսադեմին, Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի (Այնթապի նշված հասցեով), սակայն, տեղ հասնելուն պես հասկացան, որ կանչը սովորական չէ ,այլ` արտակարգ:

Կնոջ մոտ արդեն սկսված էր ծննդաբերական գործունեությունը և գտնվում էր ակտիվ փուլում:

Շտապօգնության բժիշկ Աշոտ Առաքելյանը, բուժքույր` Յաննա Գաբրիելյանը առանց հապաղելու սկսել են ընդունել ծնունդը:

Ծննդաբերությունը բարդ էր, վաղաժամ, առաջադրությունը` տոտիկային, ուստի ծննդօգնությանը միացել է նաև մեր մյուս բժիշկը` Դավիթը Գալստյան, ով մասնագիտությամբ մանկաբարձ- գինեկոլոգ է:

Ծնվել է հրաշք աղջնակ, բժիշկ Առաքելյանի կողմից կատարվել են ռեանիմացիոն գործողություններ, երեխայի և մոր վիճակը կայունացնելուց հետո իրականացվել է հոսպիտալացում:

Հիվանդանոցում թե՛ մոր, թե՛ պտղի վիճակը գնահատվել է բավարար:

Այս ամենը խոսում է` բարձր պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի մասին:

Շնորհակալ ենք մեր բժիշկներին իրենց երդմանը հավատարիմ լինելու համար:

Դուք արժանի եք սպիտակ խալաթը կրողի կոչմանը...

Կեցցե´ք…»,– նշվում է գրառման մեջ։