Երևանյան փառատոնները բախվում են մի շարք խնդիրների, որոնց լուծումները տանում են փակուղի. Հայկական փառատոնների ասոցիացիան դիմել է քաղաքապետ Հայկ Մարությանին
Երևան քաղաքում կազմակերպվող «ՖեստիվԱր» փառատոնների ասոցիացիայի ներկայացուցիչները բախվում են մի շարք խնդիրների, որոնց լուծումները գտնվում են փակուղային իրավիճակում։ Այս մասին քաղաքապետ Հայկ Մարությանին հղած բաց նամակում գրել են «ՖեստիվԱրի» 34 անդամ փառատոնների ներկայացուցիչները։
«2017-ին ստեղծված «ՖեստիվԱրի» նպատակն է համակարգել, խթանել և աջակցել Հայաստանում փառատոնների շարունակական կայուն զարգացմանը։ «ՖեստիվԱր» Հայկական փառատոնների ասոցիացիային են անդամակցում ՀՀ-ում կազմակերպվող 34 փառատոններ: Կազմակերպության տեսլականն է՝ Հայաստանը դարձնել աշխարհի փառատոնների մայրաքաղաքներից մեկը, ինչը մեծապես համընկնում է Ձեր նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչեցված մտքին՝ Երևանը դարձնել փառատոնների մայրաքաղաք», նշված է նամակում:
Տևական ժամանակ է, գրում են նամակի հեղինակները, ինչ Երևանում կազմակերպվող՝ «ՖեստիվԱր» փառատոնների ասոցիացիայի անդամ փառատոնները բախվում են մի շարք խնդիրների, որոնց լուծումները գտնվում են փակուղային իրավիճակում, «ուստի ստիպված ենք հանրային հնչեղություն տալ խնդրին՝ ակնկալելով Ձեր ուշադրությունն ու Ձեր հսկողությամբ դրանց լուծումը»:
1. «Երևանում կազմակերպվող՝ Ասոցիացիայի անդամ փառատոններն այս տարի բախվել են մի որոշման, որի կայացման հիմնավորումները քաղաքապետարանի որևէ բաժին չի կարողանում տալ: Խնդիրն այն է, որ Երևանի քաղաքապետարանից ստանում ենք պատասխան, ըստ որի քաղաքապետարանը Հանրապետության Հրապարակում, Զաքյան փողոցում, Հուսիսային պողոտայում և Կարապի լճում (առայժմ այս հատվածներն են մեզ հայտնի) նպատակահարմար չի գտնում փառատոնների անցկացումը: Ասոցիացիայի անդամ փառատոններին չեն տրամադրում որևէ հիմնավորում, թե ինչու է այս որոշումը կայացվել, ինչ փաստերի, հետազոտությունների կամ քաղաքականության արդյուքն է սույն որոշումը, ում վրա է այն տարածվում և/կամ ում կարող են թույլատրել:
2. Ցանկացած փառատոն կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանից անհրաժեշտ է առաջին հերթին թույլտվություն ստանալ փառատոնի անցկացման վայրի վերաբերյալ: Ասոցիացիայի անդամ փառատոնները մեծ մասամբ ամենամյա են, ունեն իրենց կայուն վայրը, բովանդակությունը և տևողությունը, իսկ նման ծավալի և որակի փառատոն կազմակերպելը սկսվում է ամեն նախորդող փառատոնի հաջորդ օրվանից, սակայն քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք նշված թույլտվությունը պատրաստակամ են տալ բացառապես փառատոնի կազմակերպմանը նախորդող երկու ամսվա ընթացքում: Այս դրույթի սահմանումը խոչընդոտում է փառատոնների կայուն զարգացմանն ու հեռանկարային պլանավորմանը, քանի որ պարզապես երկու ամսվա ընթացքում հնարավոր չէ կազմակերպչական ահռելի աշխատանքն իրականացնել:
2-րդ խնդրով հանդիպում-քննարկում եղել է քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաների հետ, մեր կողմից ուղարկվել է գրավոր առաջարկությունների փաթեթ, սակայն սայլը տեղից չի շարժվել:
Երևանում կազմակերպվող՝ Ասոցիացիայի անդամ ամենամյա փառատոնները տարիների ընթացքում ներկայացրել են հայկական մշակույթն ու արվեստը, երևանցիներին տոն են նվիրել և քաղաքապետարանի կողմից չեն ստացել որևէ դիտողություն կազմակերպչական կարողությունների վերաբերյալ:
Ասոցիացիան պատրաստակամ է նշված խնդիրները կառուցողական դաշտում քննարկել և աջակցել լուծումների մշակմանը, ուստի ակնկալում ենք Ձեր հետևողական միջամտությունը քաղաքապետարանի հետ աշխատանքների համակարգման և արդյունքներին միտված քաղաքականության մշակման հարցում»:










