Իտալիայում կորոնավիրուսից ապաքինվածների թիվն առաջին անգամ գերազանցել է վարակակիրներին. Worldometers

23:31 • 06.05.20

Իտալիայում կորոնավիրուսից ապաքինվածների ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է վարակակիրների թիվը: Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները:

Վերջին մեկ օրում Իտալիայում ապաքինվել է 8014 մարդ՝ բուժված հիվանդների ընդհանուր ցուցանիշը հասցնելով 93 245-ի: Մինչդեռ ներկա պահին ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 91 528 մարդ: Ապաքինվածների տվյալների հաշվին 6939-ով կրճատվել է վարակակիրների թիվը:

Համաճարակի բռնկման պահից ի վեր կորոնավիրուսից Իտալիայում մահացել է 29 684 մարդ: Վերջին մեկ օրում այդ ցուցանիշն ավելացել է 369-ով, մինչդեռ նախօրեին մահացության 24-ժամյա ցուցանիշը կազմել էր 236:  

Մեկ օրում գրանցվել է վարակման 1444 նոր դեպք, ընդհանուր առմամբ, մարտի կեսերից մինչ օրս վարակվել է 214 457 մարդ: