Կորոնավիրուս է հայտնաբերվել ՌԴ ևս մի նախարարի մոտ

16:55 • 06.05.20

 

Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով նախարարի մամուլի խոսնակ Աննա Ուսաչյովային:

«Օլգա Լյուբիմովան հեռավար ձևաչափով է աշխատում: Կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է, նախարարը գտնվում է տանը, աշխատանքային քննարկումներ է ունենում տեսակոնֆերանսի ձևաչափով, առցանց ձևաչափով մասնակցում է հանդիպումների և բանակցությունների»,-տեղեկացրել է մամուլի խոսնակը:

Նրա խոսքով՝ նախարարը թեթև է տանում հիվանդությունը և հոսպիտալացման մասին «խոսք չկա»:

Օրերս կորոնավիրուս է հայտնաբերվել նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի և շինարարության և բնակարանաշինության նախարար Վլադիմիր Յակուշևի մոտ:

Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 165 929 դեպք, վարակման հետևանքով մահացել է 1537 մարդ:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 753 162 է, մահացել է 259 377 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: