Հիմա էլ շատ մարդիկ իրենց աչքերին չեն հավատում, որ ես այստեղ կանգնած եմ որպես ՀՀ վարչապետ․ վարչապետը չբացառեց իրավապահ համակարգում «դրսից» նշանակումները (տեսանյութ)

15:20 • 06.05.20

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ներքին անվտանգության հետ կապված հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «2019 թ․-ի ընթացքում փոխվեցին ուժային կառույցների ղեկավարներ։ Կցանկանայի իմանալ՝ ուժային կառույցներով վարվող կադրային քաղաքականությունը որքանո՞վ է անդրադառնում այդ ոլորտի կատարողականի վրա՝ հաշվի առնելով որոշ աղմկահարույց իրադարձություններ»,- ասաց նա:

Վարչապետը մեջբերեց Իոսոֆ Ստանլինի «кадры решают все» խոսքը և շարունակեց․ «Ըստ էության՝ հիմա էլ այդպես է, բայց ես ուզում եմ մի բան արձանագրել․ ընդունենք, որ մեր իրավապահ համակարգը շոկի մեջ է, ինչը զգում եմ տարբեր առիթներով։ Օրինակ՝ նույն Ոստիկանության ու ԱԱԾ-ի աչքի առաջ տեղի է ունեցել մի դրվագ, որը երկար տարիներ իրենց ներշնչվել է, որ նման բան տեղի ունենալ չի կարող, խոսքը 2018 թ․-ի հեղափոխության մասին է։ Շատերը չեն հավատացել, թե իրենց աչքի առաջ ինչ է տեղի ունենում, հիմա էլ շատ մարդիկ նայում են ու իրենց աչքերին չեն հավատում, որ ես այստեղ կանգնած եմ որպես ՀՀ վարչապետ, քանի որ իրենց օբյեկտն եմ եղել տասնյակ տարիներ»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, թե իր նպատակն է եղել օգնել իրավապահ համակարգին հաղթահարել այդ շոկը, որպեսզի հասկանա, որ նոր իրավիճակում իրենց համար ավելի բարձր ու պետական նշանակության առաքելություն է սահմանված։

«Շոկը մինչև հիմա հաղթահարված չէ, բայց, կարծում եմ, որ ոչ թե փայտը պիտի առնենք, ընկնենք ոստիկանության հետևից, այլ պետք է օգնենք, ինչպես նաև բարեփոխումներ անենք, իսկ բարեփոխումների ռազմավարությունը մշակված է»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով , որ պարեկային ծառայությունում պետք է բարձր վարձատրվեն։

Տաթևիկ Հայրապետյանը նաև կոչ արեց անդրադառնալ ԱԱԾ պետի տեղակալի Արգիշտի Քյարամյանի նշանակմանը և հարցրեց, թե քաղաքական նշանակումներ սպասե՞ն, և վարչապետը արձագանքեց. «Նույնիսկ անեդկոտների առիթ էր տվել, որ պարոն Քյարամյանը երկու օրում երկու պաշտոնի նշանակվեց: Ես կայացրել եմ քաղաքական որոշում, որ նա պետք է այնտեղ աշխատի և օրենքը այդ միջացնենքն է տվել, որ հայտնվի այնտեղ»:

Վարչապետն ասաց որ ոստիկանությունում, ԱԱԾ-ում դրսից նշանակումներ չեն արվել և հիմա ժամանակն է գնահատելու աշխատանքի արդյունավետություն և կարող են լինել դրսից նշանակումներ: Նա նշեց, որ ժամանակ է պետք եղել, որ իրավական և դատաիրավական համակարգում «թացը չորից տարբերվի»:

«Ով օգտվել է դրանից, օգտվել է, ով չի օգտվել, իր պրոբլեմն է: Մենք չենք ասել՝ մեր կուսակցականներին լցնենք իրավապահ համակարգը: Այո, մենք շանսը տվել ենք, և որևէ մեկի մտքով չանցնի, թե մեզ խաբեց»,-ասաց նա: