Գերմանիայում կարանտինային ռեժիմի թուլացման արդյունքում վերաբացվել են թանգարանները, պատկերասրահներն ու այգիները

12:16 • 06.05.20

Գերմանիայում կորոնավիրուսի համավարակի հետևանքով սահմանված կարանտինային ռեժիմի թուլացման շրջանակում իրենց աշխատանքն են վերսկսել թանգարանները, բուսաբանական ու կենդանաբանական այգիները, պատկերասրահները, գրում է The Guardian պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ մարտի կեսերից փակված հիշյալ վայրերում այժմ գործում են սոցիալական հեռավորության պահպանման խստագույն կանոններ։ Հայտնի է, որ հաճախորդներրը պետք է անպայման դիմակներ և ձեռնոց կրեն, իսկ հերթագրումներն առցանց տարբերակով կատարեն։

Բեռլինի ամենասիրված կանաչապատ տարածքներից մեկը՝ Բուսաբանական այգին, այսօր արդեն վերսկսել է աշխատանքը՝ հյուրընկալելով 1000-ից ոչ ավել այցելու։

Նշվում է, որ գիշերային ակումբներում, համերգասրահներում և այլ մշակութային հաստատություններում շատ դժվար կլինի սոցիալական հեռավորությունը պահել, ուստի՝ գերմանական կառավարության կողմից դրանց վերաբացման մասին թույլտվություն չկա, և հայտնի չէ, թե երբ և ինչ պայմաններով դրանք կվերաբացվեն։